fbpx
Աշխարհ

Միխայիլ Միշուստինը՝ Ռուասաստանի վարչապետի թեկնածու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարկմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական է տվել:

Ռուսաստանի նախագահը մի շարք սահմանադրական փոփոխություններ էր առաջարկել:

«Այդ փոփոխությունները, որոնք կընդունվեն, ամենայն հավանականությամբ, զգալի փոփոխության կենթարկեն ոչ միայն սահմանադրության մի շարք հոդվածներ, այլ նաև օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռությունը»,- Պուտինի հետ հանդիպմանը նշել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նա նշել է, որ իրենք՝ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է հնարավորություն տան երկրի նախագահին ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումները։

«Այս պայմաններում ես կարծում եմ, որ ՌԴ սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ ճիշտ կլիներ, որ ՌԴ կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական տա»,-նշել է Մեդվեդևը:

Վերջինիս հայտարարությանն ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Դմիտրի Մեդվեդևին զբաղեցնել Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Խորհրդի ղեկավարը ՌԴ նախագահն է, իսկ տեղակալի պաշտոն դեռևս չկա, որը, սակայն, առաջարկվում է ստեղծել:

Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար և խնդրել է կառավարությանը ամբողջությամբ կատարել իր պարտականությունները՝ մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ