Խորհրդարան

Միրզոյանը պատասխանեց ծառայողական մեքենաների վերաբերյալ հարցին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր Aravot.am-ը հարցրեց՝ երբ դուք իշխանություն չէիք, ՀՀԿ-ին օր ու արև չէիք տալիս ծառայողական մեքենաների հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հիացած էր Դանիայի խորհրդարանի պաշտոնյա Ռիկե Տուբորկով, որն ասել էր, որ իրենց խորհրդարանում միայն խոսնակն ունի ծառայողական մեքենա, բա ինչո՞ւ հիմա դարձաք իշխանություն և չեք հետևում Դանիայի օրինակին, չէ՞ որ այնտեղ ողջ պետական ապարատում ընդամենը 23 ծառայողական մեքենա կա: Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Ցավոք սրտի, դուք ամբողջապես չեք հետևել հեղափոխությունից հետո և ԱԺ ընտրություններից հետո այդ համատեքստում տեղի ունեցած իրադարձություններին: Վստահ եմ, մի փոքր ցանկության դեպքում կարող եք ձեր համար պարզել,որ ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալներն, օրինակ, այլևս չեն օգտվում ծառայողական մեքենաներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներն այլևս չեն օգտվում ծառայողական մեքենաներից և այլն:

Ինչո՞ւ ամբողջապես չի արված և օրինակի համար միայն խոսնակին չի թողնված ծառայողական մեքենա. պետք է դիտարկել, որ հարցը տարբեր նրբերանգներ ունի, մեծ հաշվով, պիտի ապագայում այդպիսի մի իրավիճակի հասնենք:

Բայց պետք է նաև դիտարկել իշխանության ճյուղերի հավասար այսպես ասած հակակշռող մեխանիզմների համատեքստում, պետք է այստեղ խոսենք կառավարության անդամների և այլն, որովհետև, գուցե համարեք լուրջ, գուցե համարեք անլուրջ, և ընդհանրապես, պատգամավորների, տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ այդպիսի բաները պետք է համամասնորեն արվեն օրենսդիրում, գործադիրում, դատական իշխանությունում, որ թեկուզ նշանային հարթության վրա որևէ իշխանության ճյուղի հեղինակությունը մեկի հաշվին չընկնի կամ չգերազանցի:

Կրկին կարող եք համարել լուրջ, կարող եք համարել անլուրջ»:

Աղբյուրի դիտարկմանը, որ իշխանությունը դուք եք նաև կառավարությունում, ի՞նչն է խանգարում նման մոտեցում ցուցաբերել ու կրճատել մեքենաները՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Կրճատել ենք, 11 հանձնաժողովների նախագահների տեղակալների և ԱԺ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները, ինչն իսկապես քիչ չի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ