fbpx
Աշխարհ

Մոգերինին դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

«Ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կխորացնեն քաղաքացիական բնակչության տառապանքները, կվիժեցնեն գլոբալ կոալիցիայի ընթացիկ աշխատանքը «Դաիշ»-ի դեմ պայքարում և էլ ավելի կբարդացնեն երկրում ՄԱԿ-ի ղեկավարությամբ խաղաղության հասնելու քաղաքական գործընթացի հեռանկարները»,- գրել է Մոգերինին թվիթերյան իր էջում:

Հոկտեմբերի 7-ին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում:

«ԵՄ-ն լիովին պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա:

Մեկնաբանելով Սիրիայի տարածք մինչև 2 մլն սիրիացի փախստականների վերադարձնելու Անկարայի պլանները՝ Կոսյանչիչը հայտարարել է. «ԵՄ-ն կարծում է, որ փախստականների վերադարձը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նախադրյալներ կստեղծվեն մարդկային պայմաններում նրանց անվտանգ վերադարձի համար: Մեր կարծիքով՝ Սիրիայում այդ պայմանները դեռևս ստեղծված չեն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ