fbpx
Աշխարհ

13:00 16/8/2019

Մոսկվայում արտոնել են օգոստոսի 25-ի բողոքի ակցիան

Մոսկվայի իշխանություններն արտոնել են բողոքի նոր ակցիա Սախարովի պողոտայում օգոստոսի 25-ին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Վասիլի Օլեյկինը:

Երկու շաբաթից կայանալիք բողոքի ակցիայի մասնակիցների արտոնված թիվը 100 հազար է:

Անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին բողոքի արտոնված ակցիային Սախարովի պողոտայում մասնակցել էր շուրջ 60 հազար մարդ:

Օգոստոսի 25-ին բողոքի ակցիա կազմակերպելու հայտով քաղաքապետարան էր դիմել չգրանցված Ազատական կուսակցությունը: Կուսակցությունը ծրագրում էր նախ երթ կազմակերպել Պուշկինի հրապարակից Բուլվարնոյե Կոլցո փողոցով դեպի Սախարովի հրապարակ և հետո նոր՝ հանրահավաք: Քաղաքապետարանը, սակայն, արտոնել է միայն հանրահավաքը Սախարովի պողոտայում:

Առաջիկա շաբաթ օրը Սախարովի պողոտայում մեծ հանրահավաք նախատեսում է անցկացնել Կոմունիստական կուսակցությունը: Բողոքի նոր ալիքի հետ մեկտեղ ակտիվացել է նաև համակարգային ընդդիմությունը, մասնավորապես՝ կոմկուսը:

Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել բողոքի ակցիաները Մոսկվայում և մասնակցել սեպտեմբերի 8-ին անցկացվելիք քաղաքային դումայի ընտրություններին:

«Պետք է մասնակցել՝ ելնելով «խելացի ընտրություններ» սկզբունքից, այսինքն՝ եթե նույնիսկ չեն գրանցել ընդդիմության թեկնածուներին, պետք է գնալ ընտրություններին և ձայն տալ այն թեկնածուներին, ովքեր կարող են հաղթել «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուներին: Պետք է տապալել իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչներին», – հայտարարել է Նավալնին:

Հիշեցնենք, Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նավալնու ղեկավարած հիմնադրամի դեմ՝ ֆինանսական մեքենայությունների կասկածանքով: Ընդդիմադիր գործիչը 30-օրյա ազատազրկման է դատապարտվել ապօրինի բողոքի ակցիայի կոչերի համար:

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մի շարք մարզերում և քաղաքներում անցնելու են տեղական ընտրություններ: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել ընդդիմադիր թեկնածուներից շատերին, և հուլիսի կեսերից Ռուսաստանի մայրաքաղաքում անցնում են բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, ավելին՝ արդեն հարուցվել են քրեական գործեր ակտիվիստների դեմ:

Վերեվ