Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սոխի անունով Հայաստանի 68-ամյա քաղաքացի: Ինչպես հայտնում է «Московский Комсомолец» պարբերականը, նա իրականացնում էր տան նորոգման աշխատանքներ:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Տղամարդուն տան նորոգման աշխատանքների համար վարձել էին Ալեքսանդր անունով ձեռնարկատերն ու նրա կինը: 68-ամյա Սոխին բնակարանի լոգարանում նորոգման աշխատանքներ իրականացնելիս պատահաբար վնասել է չորացուցիչի խողովակն ու տաք ջրի արտահոսքի ժամանակ չի կարողացել դուրս գալ լոգասենյակից:
Հաղորդվում է, որ Սոխին պետք է սալիկապատեր լոգասենյակը, որին խանգարում էր չորացուցիչի դիրքը: Այն անջատելու համար հրավիրվել է սանտեխնիկ: Վերջինս խնդրել է պատի ներսում մոտ 10 սմ-ով մեծացնել դեպի տաք ջրի հոսքն արգելափակող փական տանող անցքը: Սոխին վստահեցրել է, որ անձամբ կզբաղվի հարցով ու վաղ առավոտյան անցել է գործի:
Ավելի ուշ տանտիրուհուն զանգահարել են շենքից ու տեղեկացրել իր բնակարանում ջրի արտահոսքի մասին: Երբ տանտիրուհին տեղ է հասել՝ բանվորն արդեն անգիտակից ընկած է եղել բաղնիքում, իսկ խողովակներից մեծ քանակությամբ տաք ջուր է հոսել:
Ենթադրվում է, որ ՀՀ քաղաքացին մահացել է չորացուցիչի նորոգման ժամանակ՝ կա՛մ հոսանքահարվելով, կա՛մ ստանալով լուրջ այրվածքներ: