fbpx
Աշխարհ

Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով ՌԴ-Թուրքիա բանակցությունները

Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության շենքում մեկնարկած հանդիպումը անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով: Պատվիրակությունների կազմում դիվանագետներից բացի կան զինվորականներ և հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնայներ: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

Բանակցություններին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ ըստ իրենց տվյալների՝ թուրք և ռուս բարձրաստիճան ռազմական գործիչների միջև փոխհամաձայնություն կա: Մյունխենի անվտանգության կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում Լավրովը շեշտել է, որ 2 երկրների հրամկազմի միջև առկա է մշտական կապ:

«Բոլոր փաստերը դրված են սեղանին: Հուսով եմ, որ իրավասուները կկարողանան առաջ քաշել Իդլիբի վիճակը կարգավորելուն միտված առաջարկներ, որոնք կհամապատասխանեն Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ստորագրած պայմանագրերին»,- նշել է Լավրովը:

Նշենք, որ օրեր առաջ Իդլիբի հարցով Թուրքիայից Ռուսաստան էր վերադարձել նույն խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Անկարայում գտնվող ռուսական պատվիրակությունը: Բանակցությունները որևէ արդյունք չէին տվել:

Սակայն փետրվարի 16-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Մյունխենում ունեցած հանդիպումից հետո հայտարարեցին, որ 2 երկրների միջև առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ճանապարհներ գտնելու համար պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ