Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրաադարձել է Տիգրան Պասկևիչյան-Արա Շիրինյան նամակներին։ Նա իր գրառումը ուղղել է ՀՌԽ ղեկավար Արա Շիրինյանին:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի Ara Shirinyan, կարդացի ի պատասխան Tigran Paskevichian-ի բաց նամակի քո պատասխան բաց նամակը։ Լավ է ու ճիշտ, որ հրապարակային եք քննարկում ձեր վեճը։ Որովհետեւ այն ձերը չի, բոլորիս վեճն է։ Մեր իրականության արտացոլքն է։ Կարդացի ու փայլուն պատկերացրեցի այն վիճակը՝ որում հայտնվել ես դու։ Թե իրականում ինչ ծրագրեր ունես դու եւ ինչպես ես պատրաստվում դրանք կյանքի կոչել՝ գիտես միայն դու։ Քո հրապարակային խոսքը կարող է եւ քո մտքում եղածի հետ եզրեր չունենալ։ Նորմալ է։ Լինում է այդպես։ Տիգրանի երեկվա նամակը չէր տալիս իրականության ամբողջական պատկերը, որում հայտնվել ես դու։ Քո պատասխանը այն լրացրեց։ Արա ջան, եղբայր, մենք այնքան մոտ ընկերներ չենք եղել, որքան դու եւ Տիգրանը, բայց լավ բարեկամներ ենք եղել, ու հիմա բարեկամի, լավ բարեկամի, սրտացավ բարեկամի իրավունքով, քո պատասխանը կարդալուց հետո, որոշեցի զգուշացնել քեզ, որ համակարգերը, առավել եւս արատավոր համակարգերը մարդուն ուտելու/հոշոտելու/խժռելու հատկություն ունեն։ Հենց մտար դրա մեջ՝ քեզ արդեն վտանգ է սպառնում։ Կամ պետք է քանդես այն կամ՝ կուլ գնաս։ Ես եւ դու միասին, 1990-ականների առաջին տարիներին, տեսել ենք, թե ինչպես են այդ արատավոր համակարգերը՝ բարի ցանկություններով ու դրանք ներսից՝ դանդաղ ու անցավ հեղափոխելու մտադրություններով զինված մարդկանց խժռել։ Համակարգերը մինչեւ այսօր դեռ կան, իսկ այդ մարդիկ արդեն այն չեն։ Չգիտեմ ինչու, բաց մտածում եմ, թե դու քեզանից առաջ խժռվածների փորձը հաշվի կառնես, եթե, իհարկե, հոշոտված լինելու հեռանկարը քեզ չի սարսափեցնում»։
https://www.facebook.com/vardan.harutyunyan.37/posts/2414654505244917