fbpx
Աշխարհ

Մյանմայում պետական գաղտնիքի հրապարակման մեջ մեղադրվող լրագրողներն ազատ են արձակվել

Մյանմայում ռոհինջաների ճգնաժամը լուսաբանելուց հետո բանտարկված Reuters-ի լրագրողներին ազատ են արձակել նախագահական համաներումով, տեղեկացնում է BBC-ին: 33-ամյա Վա Լոնը եւ 29-ամյա Կյա Սո Օոն 500 օրից ավել են անցկացրել Մյանմայի Յանգոնի ծայրամասում գտնվող բանտի խցերում: Նրանց ազատ են արձակել Մյանմայի Գերագույն դատարանի կողմից նրանց դատավճռի բողոքարկումի մերժումից մեկ ամիս անց:

Լրագրողներին հազարավոր այլ բանտարկյալների հետ միասին ազատել են համաներումով, որը ավանդաբար այդ երկրում անցկացվում է Նոր տարվա նախօրեին: Ռոհինջա-մուսուլմանների սպանությունների հետաքննությամբ զբաղվող լրագրողներին անցյալ տարվա սեպտեմբերին մեղադրել էին պետական գաղտնիքի հրապարակման մասին հոդվածով և դատապարտել յոթ տարվա բանտարկության: Նրանց բանտարկությունը բազմաթիվ երկրներ որակեցին որպես ոտնձգություն մամուլի ազատության նկատմամբ, այն Մյանմայում ժողովրդավարությանը վերաբերող հարցերի տեղիք տվեց: Ի պաշտպանություն լրագրողների, հանդես եկան ինչպես դիվանագետներ, այնպես էլ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ և կրոնական գործիչներ: Երկու լրագրողներն էլ ընտանիք ու երեխաներ ունեն:

Reuters գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը հայտարարել է, որ լրագրողները, որոնք անցած ամսին հեղինակավոր Պուլիցերյան մրցանակ են ստացել, դարձել են ազատ մամուլի խորհրդանիշներ: «Մենք չափազանց ուրախ ենք, որ Մյանման ազատ արձակեց մեր խիզախ թղթակիցներին»,- ասել է նա իր հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ