Արցախ

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ երկրի ղեկավարը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի և տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն:

Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաև սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլև իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ, չնայած համավարակի պատճառով ներկրված նոր սարքավորումների տեղադրումը դանդաղել էր, բայց այս օրերին ընկերությունը ողջ ծավալով շարունակում է աշխատանքները: Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Իսկ մինչև տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:

Մինչև 2022թ.-ը էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ