fbpx
Քաղաքականություն
09:04 31/10/2019

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Եթովպիայի նորանշանակ դեսպանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Եթովպիայի նորանշանակ դեսպանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա իր մասնագիտական փորձն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Նախագահի խոսքով՝ Եթովպիան աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի, երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ, փոխադարձ հարգանք, ընդհանուր պատմություն և քաղաքակրթություն, ինչը լավ հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Նախագահ Սարգսյանը ոգեշնչող է համարել հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Եթովպիայի գործադրած վճռական ջանքերը, որի համար վարչապետ Աբիյ Ահմեդին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Սա ցույց է տալիս, թե ինչպես երբեմն ոչ ստանդարտ մոտեցումները կարող են ավելի արդյունավետ լինել, քան ավանդական լուծումները»,- ընդգծել է նախագահը:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Նրանք համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի, կրթության, մշակույթի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն: «Ժամանակն է, որ դա լիովին իրացվի, և ստորագրված փաստաթղթերը վերածվեն գործնական քայլերի»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ