fbpx
Հասարակություն
22:40 19/12/2019

Նախագահ Սարգսյանը Ակնաշեն համայնքում հյուրընկալվել է բազմազավակ ընտանիքում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախագահն այցն սկսել է Ակնաշեն համայնքից, որտեղ հյուրընկալվել է Էլմիրա Կարապետյանի բազմազավակ ընտանիքում: Ընտանիքի 7 անչափահաս երեխաներից 6-ը դպրոցական են: Ընտանիքի հայրը մահացել է 2017 թվականին, մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, միայնակ է մեծացնում երեխաներին ու հոգում ընտանիքի կարիքները:

Նախագահ Սարգսյանը ծանոթացել և զրուցել է երեխաների հետ: Նրանք պատմել են իրենց ուսման, նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին: Տիկին Էլմիրա Կարապետյանը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս երեխաների կրթությանը և ամեն ինչ անում է, որպեսզի սոցիալական խնդիրները չխոչընդոտեն երեխաների կրթություն ստանալուն: Նա շնորհակալություն է հայտնել նախագահին՝ իրենց չմոռանալու և այցելելու համար։

«Ես եմ ձեզ շնորհակալ, որ այսպիսի հոյակապ երեխաներ ունեք: Ամեն երեխա Աստծո պարգև է: Վստահ եմ, որ կանցնեն տարիներ և այս երեխաներից յուրաքանչյուրը ոտքի է կանգնելու, արդյունքում՝ ավելի մեծ ընտանիք եք ունենալու, որն ուրախությամբ է լցվելու, -ասել է նախագահը: -Մաղթում եմ, որ երեխաները նախ և առաջ լինեն առողջ, լավ սովորեն: Վստահ եղեք, որ մեր երկրում ձեր նկատմամբ ուշադրությունն ամեն տարի պետք է բարձրանա»:

Նա շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ և ընտանիքի երեխաներին հաջորդ տարի հրավիրել նախագահի նստավայր՝ միասին Ամանորը նշելու:

Նախագահի աշխատակազմի կողմից ընտանիքին նվերներ են փոխանցվել, ինչպես նաև հանձնվել են այն նվերները, որոնք երեխաները խնդրել էին Ձմեռ պապից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ