fbpx
Քաղաքականություն

Մենք, որպես զգացմունքային ժողովուրդ, սկսեցինք հավատալ մեր երազներին․ Նախագահի հարցազրույցը РБК-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին:

Հարցազրույցի հայերեն թարգմանությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, որը ներկայացնում ենք ստորև։

Իլյա Դորոնով- Պարոն նախագահ, նախ և առաջ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել այս պահին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, քանի որ երկիրը կրկին հայտնվել է իր համար կրիտիկական նշանակություն ունեցող կետում: Ուստի իմ առաջին հարցն է՝ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում: Ի՞նչ եք կարծում՝ վերջին շրջանում շատ չե՞ն քաղաքական ճգնաժամերը փոքր երկրի համար:

– Նախ, ուրախ եմ մեր հանդիպման համար: Ձեր հարցը և՛ հեշտ է, և՛ դժվար: Եթե մեր երկրում լիներ միայն քաղաքական ճգնաժամ, հնարավոր կլիներ ինչ-որ կերպ ապրել դրա հետ: Սակայն իրականում մեզ մոտ բազմաբաղադրիչ ճգնաժամ է: Մեզ մոտ հետպատերազմյան ճգնաժամ է, Ղարաբաղում տարածքների կորուստների ճգնաժամ, հազարավոր երիտասարդ կյանքերի ճգնաժամ, տնտեսական, առողջապահական ճգնաժամ՝ ինչպես և ողջ աշխարհում է: Մեզ մոտ կորոնավիրուսի հերթական ալիքն է: Բնականաբար, կա նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, քանի որ սա տանուլ տված պատերազմ էր: Ոմանց մոտ կա ինքնության ու ապագայի ճգնաժամ, այդ պատճառով այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ոմանք լքում երկիրը:

Իլյա Դորոնով- Շատերը սկսել են խոսել այն մասին, որ Հայաստանից կրկին արտագաղթ է սկսվել:

– Կրկին սկսվել է արտագաղթ: Հայաստանում լինում են դրական ու բացասական միգրացիաներ: Կա նաև Սփյուռքի հետ կապված ճգնաժամ, քանի որ Հայաստանն ու Սփյուռքը ամուր կապված են, մի ամբողջություն են, և ցանկացած բան՝ դրական կամ բացասական, որ տեղի է ունենում Հայաստանում, անմիջապես արտացոլվում է մեր եղբայրների ու քույրերի վրա Բուենոս Այրեսում, Մարսելում կամ Մոսկվայում: Ճգնաժամերը շատ են: Իհարկե, կա նաև քաղաքական ճգնաժամ:

Մի քանի դիտարկում անեմ: Առաջինը. մեզ նման ժողովուրդը, մեր փոքր երկիրը պետք է ունենան ապագայի հստակ տեսլական, առաքելություն: Այսինքն, այդ տեսլականն այնքան հստակ ու ուժեղ պետք է լինի, որ առաքելություն դառնա։ Պետք է հստակ հասկանանք, թե ուր ենք գնում և ինչու:

Իլյա Դորոնով- Իսկ այն կա՞: Կա՞ն մարդիկ, ովքեր կարող են այն ձևակերպել:

– Կարծում եմ՝ այն չկա: Որպես Հանրապետության նախագահ՝ հատկապես հիմա ես փորձում եմ դանդաղ, հստակ դրույթներով հասկացնել, որ այն կարևոր է: Առաքելությունն անհրաժեշտություն է, և այն չպետք է բխի որևէ մեկից: Այն պետք է լինի մի առաքելություն, որը կքննարկեն շատերը, նրանք, ովքեր մտածում են երկրի ապագայի մասին:

Իլյա Դորոնով- Նաև Սփյուռքի՞ ներգրավմամբ:

– Բոլորի՝ նախ և առաջ Ռուսաստանի համայնքի, քանի որ այն ամենամոտն է:

Հաջորդը՝ ժամանակակից Հայաստանը հասկանալու համար մյուս կարևոր գործոնն այն է, որ, ցավոք, հստակ առաքելության, ծրագրի բացակայության պատճառով մենք, որպես զգացմունքային ժողովուրդ, սկսեցինք հավատալ մեր երազներին: Այսինքն, երազանքն իրականության տեղ ընդունեցինք, և դա հասավ անհասկանալի չափերի: Օրինակ, շատ հայեր հավատում էին, որ Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի շատ ուժեղ գիտություն: Հայաստանը եղել է շատ հզոր գիտություն ունեցող երկիր, երբ Խորհրդային Միության մաս էր…

Իլյա Դորոնով- Ուզում եմ մի դիտարկում անել նրանց համար, ովքեր չգիտեն. իմ առջև նստած անձը ոչ միայն Հայաստանի նախագահն է, այլև՝ գիտնական: Այդ պատճառով էլ Դուք տեղյակ եք գիտությունից և կարող եք խոսել դրա մասին:

– Ցավոք, մեր Գիտությունների ակադեմիան այս 30 տարիների ընթացքում ավելի քան երեք անգամ կրճատվել է: Բարձրացել է աշխատակիցների միջին տարիքը: Շատ երիտասարդ գիտնականների համար ավելի հեշտ էր գտնել աշխատանք այլ համալսարաններում՝ Դուբնայում, Բերկլիում, ոչ Հայաստանում:

Իլյա Դորոնով- Ոչ Հայաստանի ներսում, ամենագլխավորը։

– Ամենավատն այն է, որ՝ ոչ Հայաստանի ներսում։ Մենք պատրանք ունենք, թե Հայաստանը ՏՏ ոլորտում բարձր մշակույթ ունեցող երկիր է: Այն, որ մենք ունենք ՏՏ «կղզիներ», փաստ է: Կարող եք գտնել այնպիսի հիասքանչ կղզի, ինչպիսին, օրինակ, ԹՈՒՄՈ-ն է: Անգամ Եվրոպայում նմանը չեք գտնի: Հայերը դրանից կառուցել են նաև Փարիզի կենտրոնում, քանի որ Փարիզի քաղաքապետը, մեզ մոտ տեսնելուց հետո, ցանկություն էր հայտնել իրենց մոտ նույնպես ունենալ այդպիսի կենտրոն: Սակայն դա կղզյակ է:

Եթե վերցնենք, ասենք, Բելառուսի օրինակը, նա մի քանի անգամ ավելի առաջ է, քան Հայաստանը: Իսկ ժամանակին մենք նույն կետից էինք սկսում…

Իլյա Դորոնով- Խորհրդային Միության փլուզումից հետո՞:

– Այո: Եվ Հայաստանի ներուժը շատ ավելին է, քան Բելառուսինը, եթե նայենք այն հայկական ընկերություններին, որոնք աշխատում են ԱՄՆ Սիլիկոնյան հովտում և հայերին, ովքեր աշխատում են մեծ ընկերություններում:

Ես 2019 թվականին ԱՄՆ-ում էի և այցելեցի Սիլիկոնյան հովիտ: Կարծում էի, թե ինձ հետ հանդիպման են գալու մոտ 100 մարդ, մինչդեռ եկել էին այնտեղ աշխատող շուրջ 1000 մարդ:

Իլյա Դորոնով- Հայե՞ր․․․

– Հայեր, որոնք աշխատում էին Սիլիկոնային հովտում։ Եվ նրանք բոլորը պատրաստակամություն էին հայտնում օգնել Հայաստանին: Հայաստանի ամենամեծ առավելությունն այն է, որ թեպետ փոքր երկիր է, սակայն մենք համաշխարհային ազգ ենք, որն ունի հսկայական մարդկային ներուժ, բայց մենք այն սխալ ենք օգտագործում:

Իլյա Դորոնով- Մարդկանց չե՞ք նկատում, թե…

– Ոչ, դա ունի քաղաքական պատմություն և հիմքեր: Անկախության առաջին տարիներին բոլորը հասկանում էին, որ Սփյուռքը մեր ուժն է, սակայն քաղաքական առաջնորդները, կուսակցությունները կամ կազմակերպություններն ասում էին, որ դրսում՝ Մոսկվայում, Փարիզում, Նյու Յորքում և այլ վայրերում ապրող մեր հայրենակիցները գումար ուղարկեն, իսկ իրենք գիտեն դրանք ինչպես տնօրինել: Դրվեցին պատնեշներ: Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախագահ կարող է դառնալ այն անձը, ով վերջին 7 տարիներին բնակվել է Հայաստանում, որ քաղաքացի պետք է լինի՝ պարզ է, բայց պետք է նաև բնակվի։ Այն դեպքում, երբ մենք համաշխարհային ազգ ենք, և մեզ պետք են միջազգային փորձով մարդիկ։

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ ներկայիս Սահմանադրության մեջ ի սկզբանե դրվել են արգելքներ, որոնք թույլ չեն տալիս ներգրավել արտերկրում բնակվող հայերին, որպեսզի նրանք կարողանան օգնել իրենց պատմական հայրենիքին:

– Այո, և դա լուրջ խնդիր է, քանի որ մարդը, ով հսկայական փորձ է ձեռք բերել, հասել է բարձունքների, չի կարող գալ և նախարար դառնալ Հայաստանում: Ինձ համար սա անհեթեթություն է: Օրինակ, եթե մենք մտածում ենք, որ ստեղծված ճգնաժամի հաղթահարման հնարավոր ճանապարհներից մեկը տեխնոկրատների կառավարություն կազմելն է և պրոֆեսիոնալների հրավիրելը, մենք ֆենոմենալ արդյունք ունենք, եթե դիտարկենք Սփյուռքը։

Օրինակ, եթե պայմանականորեն բարձր տեխնոլոգիաների նախարար ենք ուզում նշանակել, ես ունեմ 100 անձի մի ամբողջ ցուցակ միայն Ռուսաստանից, ում կարող եմ հրավիրել:

Իլյա Դորոնով- Եթե Հայաստանում դա հասկանում են, ինչո՞ւ Սահմանադրությունը չի փոխվում:

– Հայաստանում հասկանում են, սակայն մշտապես դժվար է հանձնել աթոռը՝ իշխանությունը: Ուստի դրա համար պետք է պայքարել։ Օրինակ, կրթության և գիտության նախարարը կարող է լինել այլ երկրից, օրինակ՝ ԱՄՆ-ից․․․ ԱՄՆ-ում հիմա կա կորոնավիրուսի դեմ գրանցված երկու պատվաստանյութ՝ Pfiezer և Moderna: Վերջինը ստեղծել է մի հայտնի հայի՝ Նուբար Աֆեյանի ընկերությունը, ով Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է: Կարո՞ղ է նա լինել կրթության և գիտության նախարար, բնականաբար ո՛չ: Նույնը նաև առողջապահության մեջ է: Ողջ աշխարհում առողջապահության ոլորտում ամենահայտնի դեմքերից մեկը լորդ Արա Դարզին է՝ հայ Իրաքից: Մենք նրան Պատվո շքանշան ենք տվել, նա եղել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը, Բարաք Օբամայի խորհրդատուն, Ճապոնիայի կառավարության ամենապատվավոր պարգևին է արժանացել, Կատարում ամենամեծ հիվանդանոցն է ստեղծել: Կարո՞ղ է նա Հայաստանում լինել նախարար, պատասխանը ո՛չ է:

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ Հայաստանը հիմա այսպիսի իրավիճակում է գտնվում՝ խուսափելու ուժեղ մրցակցությունից, ինչի հետևանքով ավելի վատ է լինում հենց երկրի՞ համար: Դրանից հենց երկիրն է տուժում:

– Բնականաբար: Մենք չունենք նավթ, մեր ամենամեծ հարստությունը մարդիկ են, մարդիկ, ովքեր բնակվում են ողջ աշխարհում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո արտասահմանում բնակվող հայերի թիվը հսկայական դարձավ: Ցավոք, մենք այդ մարդկանց թվին ավելացնում ենք նաև նրանց, ովքեր մեկնել են անկախությունից հետո, ովքեր գնում են հիմա:

Իլյա Դորոնով- Ռուսաստանում կարծիք կա, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել են: Արդյո՞ք ներկա քաղաքական ճգնաժամի պատճառները թաքնված չեն հենց այստեղ:

– Սա ավելի շատ գնահատական է Ռուսաստանից, քան Հայաստանից: Բնականաբար, Հայաստանում կան տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր հետաքրքրություններ: Հարցին դժվար է միանշանակ պատասխանել, և միաժամանակ, նաև շատ հեշտ է: Պարզ պատասխանն ակնհայտ է՝ ով էլ լինի իշխանության Հայաստանում, վաղ, թե ուշ հասնում է այն եզրահանգման, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորական բնույթ չունեն: Դրանք ոչ միայն բազմադարյան են, այլև այնքան խորը, որ դժվար է էմոցիոնալ տեսանկյունից գնահատել:

Ես ողջ աշխարհում հանդիպել եմ հայերի: Անկախ նրանից, թե որտեղ էին նրանք գտնվում՝ Բուենոս Այրեսում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում կամ այլուր, նրանց մեծամասնությունը հաստատում է, որ Հայաստանի լավագույն բարեկամը Ռուսաստանն է: Եթե հարցնես՝ ո՞վ է Հայաստանի լավագույն բարեկամը, 100 հոգուց 99-ը կպատասխանի՝ Ռուսաստանը: Եվ նրանք այն հայերն են, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Եվ ոչ միայն հայերը: Նույն կարծիքի են նաև եվրոպացի կամ արևմտյան քաղաքական գործիչները, ում հետ քննարկում ենք Հայաստանի ապագան կամ այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունները: Նրանց ընկալումն այն է, որ ամեն դեպքում Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է: Այդ հարաբերություններն այնքան խորն են, որ դա ոչ միայն այստեղի, այլև Արցախի, Ռուսաստանի հայերն են նշում…

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ դա հաստատուն է:

– Այո, դա հաստատուն է: Աշխարհը հենց նման հաստատունների վրա է կարողանում գոյություն ունենալ:

Կարևոր են ևս երկու գործոններ, որոնք նույնպես հաստատուններ են: Դրանցից մեկը վստահությունն է, մյուսը՝ կանխատեսելիությունը: Մեր հարաբերությունները պետք է լինեն այնքան հասկանալի և խորը, որ անվերապահ վստահենք իրար: Պետք է լինի կանխատեսելիություն, քանի որ անկանխատեսելիությունը նման հարաբերություններում և այսպիսի աշխարհում խիստ վտանգավոր է: Այսինքն, դու պետք է կանխատեսելի գործընկեր ունենաս:

Իլյա Դորոնով- Խոսելով կանխատեսելիության մասին. երկրում քաղաքական ճգնաժամի պատճառներից մեկը պարտությունն է պատերազմում: Մի քանի տարվա դադարից հետո նորից պատերազմ եղավ: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր էր խուսափել նախորդ տարի տեղի ունեցած պատերազմից:

– Գիտեք, դա մաթեմատիկական այն կատեգորիաներից է, որն անվանվում է «եթե», ռեկուրսիվ ֆունկցիան է: Իսկ իրականում, կարծում եմ, հնարավոր էր. մոտ 30 տարի ես տարբեր ժամանակահատվածներում զբաղվում էի հայկական դիվանագիտությամբ, հանդիպում էի տարբեր երկրների ղեկավարների, և կարծում եմ՝ մշտապես հնարավոր է գտնել նմանատիպ խնդիրների կարգավորման տարբերակներ՝ առանց ռազմական գործողությունների:

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո կար կազմակերպություն, որը զբաղվում էր այդ հարցով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր երեք համանախագահներով՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ:

Իլյա Դորոնով- Իսկ Բաքվում ասում էին և հիմա էլ հայտարարում են, թե Մինսկի խումբը ոչինչ էլ չի արել:

– Դա հիմա են ասում: Իսկ երբ վերադառնանք ակունքներին, երբ ամեն բան նոր էր սկսվում, բոլորն ասում էին, որ Մինսկի խումբը կարող է գտնել խնդրի լուծումը: Կար շփման, երկխոսության մեխանիզմ:

Եթե նայենք մեր տեսանկյունից, թե ինչ սխալներ ենք արել, դրանցից մեկն այն է, որ մենք սկսել էինք հավատալ նրան, ինչին ցանկանում էինք հավատալ կամ ինչը երազանք էր: Մեզ թվում էր, թե պատերազմն ավարտվել է, և հարցն արդեն լուծված է: Սակայն այն հեռու էր լուծված լինելուց, իսկ Ադրբեջանն անդադար խոսում էր ապագա պատերազմի մասին: Հստակ քայլեր անելու փոխարեն, օրինակ՝ Ղարաբաղի պաշտպանունակությունն ամրացնելու, ավելի ժամանակակից ռազմական ենթակառուցվածքներ ունենալու, տնտեսապես Ղարաբաղն ավելի արդյունավետ դարձնելու, ժողովրդագրական խնդիրներ լուծելու…

Մյուս դիտարկումը հետևյալն է. ցավոք, Հայաստանը, որպես 21-րդ դարի երկիր, որը փնտրում է ինքն իրեն (եթե առաքելություն չկա, դու սկսում ես ինքդ քեզ փնտրել), նայում էր աջ կամ ձախ՝ մտածում էր այս կամ այն կառավարման համակարգը՝ նախագահական կամ խորհրդարական, փորձելու մասին՝ կարծելով, որ միգուցե այն ավելի ժողովրդավարական է… Բայց այս, պայմանական ասած, ժողովրդավարական միջավայրում ի հայտ եկավ երկու Հայաստան՝ մեկն իրական Հայաստանն է, որտեղ տնտեսական, սոցիալական, մարդկային ճգնաժամ է, իսկ մյուսը վիրտուալ է՝ հիմնված սոցցանցերի վրա: Այս երկու Հայաստանները ոչ մի կերպ չեն առնչվում մեկը մյուսի հետ:

Նույն ֆեյսբուքում ինձ համարում են, օրինակ, մասոն, անգամ՝ Ջեյմս Բոնդ….Իրականում ես երկար տարիներ ընկերական հարաբերություններ եմ ունեցել ոչ թե Ջեյմս Բոնդի, այլ… հայտնի խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի հետ: Նրա կինը՝ Գոհար Վարդանյանը, և մայրս դեռ Թեհրանում էին ընկերություն անում: Գևորգ Վարդանյանը ֆենոմենալ մարդ էր, և ինչ-որ առումով եղել է նաև իմ ուսուցիչը, եթե նա լիներ գիտնական, հավանաբար, հայտնի ակադեմիկոս կդառնար, եթե լիներ բիզնեսմեն, ապա, հավանաբար, միլիարդատեր կլիներ…

Իլյա Դորոնով- Դուք խոսեցիք խորհրդարանական կամ վարչապետական Հայաստանի մասին: Նախագահականից նոր համակարգի անցման այս փոփոխությունը հօգուտ Հայաստանի՞ էր:

– Նախ, նախագահական կառավարումը կարող է շատ հաջող և անհաջող լինել, խորհրդարանական կառավարումը կարող է հաջող և անհաջող լինել: Դա կախված է շատ այլ գործոններից: Կարող ենք դիտարկել եվրոպական երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան. մեկը նախագահական է, մյուսը՝ խորհրդարանական: Գերմանիայում ոչ ոք չի մտածում փոխվել նախագահական համակարգի, իսկ Ֆրանսիայում ոչ ոք չի մտածում կառավարումը փոխել խորհրդարանական համակարգի: Խնդիրը ձևը չէ:

2015 թվականին Հայաստանի նախագահը որոշեց փոխել Սահմանադրությունը: Ես դա չեմ մեկնաբանի: Կարող եմ միայն նշել, որ ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ինձ առաջարկ է եղել դառնալ խորհրդարանական հանրապետության ապագա նախագահը: Ես, անշուշտ, գիտեի Սահմանադրությունը, գիտեի, որ այն խորհրդարանական չէ, այլ՝ սուպերվարչապետական, և որ այն շատ թերություններ ունի:

Եթե վերցնենք այն, ինչ մենք ունենք և այդ խորհրդարանա-վարչապետական հանրապետությունը դնենք այսօրվա Հայաստանի մշակույթի մեջ… Ժամանակակից Հայաստանը եղել է Ռուսական կայսրության մասը, եղել է Խորհրդային Միության մասը, եղել է անկախ երկիր, և միանգամից փոխել են: Այսինքն՝ մշակույթն արմատապես տարբերվում է նախագահականից: Այն երկրներին, որոնք կցանկանան գնալ այդ ճանապարհով, խորհուրդ կտայի կրկին մտածել և նայել Հայաստանի փորձին: Այն կարող է ուսումնասիրության թեմա դառնալ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, Հարվարդում: Իրողությունն այն է, որ ինքնին մշակույթը, այդ օրենքները, մեծ ազդեցություն ունեն: Գյուղում կամ նույնիսկ Երևանում բացատրել, որ նախագահը չունի այդ իշխանությունը… Բայց ձայն ունի, բնավորություն՝ նույնպես, կարող է նաև ձեռքը սեղանին խփել…

Իլյա Դորոնով- Եվ նույնիսկ կապեր ունի ամբողջ աշխարհով։

– Բանը միայն այն չէ, որ կապեր ունեմ, որ կարող եմ ներդրումներ բերել, շատ ընկերների հրավիրել: Խոսքը դրա մասին չէ, այլ այն բանի, որ ես կարող եմ խիստ լինել: Այն մարդիկ, որոնք ինձ հետ բիզնեսով են զբաղվել, նրանք դա գիտեն: Այն գործընկերները, որոնք ինձ հետ եղել են կառավարությունում, նույնպես դա գիտեն: Սակայն ոչ բոլորը դա գիտեն և ասում են՝ ախր նա նախագահն է, կարող է, չէ՞, ձեռքը սեղանին խփել և ինչ-որ նախարարի հանել: Բայց նախագահը չի կարող նրան ոչ միայն հանել, այլև հրամայել ինչ-որ բան անել:

Ամեն անգամ, երբ խնդիր է առաջանում… Օրինակ, վերջին խնդիրը կապված էր Հայաստանի գլխավոր շտաբի պետի հետ. կրկին գործ ունենք այն դիտարկման հետ, որ մարդիկ փրկիչներ են փնտրում: Նպատակը կամ գործընթացը նույնականացվում է անհատի հետ, և դա շատ վտանգավոր է: Միշտ փրկիչներ են փնտրում: 2018 թվականին շատերի համար Նիկոլ Փաշինյանն ինչ-որ իմաստով փրկիչ էր: Եվ ահա այսօր որոշ մարդկանց, ընդդիմության համար գլխավոր շտաբի պետն է փրկիչ:
Երբ այս գործընթացները սկսվեցին, պարզվեց, որ կառավարության և գլխավոր շտաբի հարաբերություններում կան Սահմանադրության հետ կապված լուրջ խնդիրներ…

Իլյա Դորոնով- Այսինքն՝ Սահմանադրությունը թույլ չի՞ տալիս լուծել այդ հարցը։

– Նախ, Սահմանադրությունը միանշանակ չէ, և երբ դուք այդ հարցը թողնում եք իրավաբաններին, որ նրանք մեկնաբանեն, հիսուն տոկոսն ասում է մեկ բան, մյուս հիսուն տոկոսը՝ բոլորովին այլ բան…

Այդ պահին, ինչպես միշտ, նախագահը, չնայած որևէ իշխանություն չունի, ստիպված է որոշումներ կայացնել: Այս դեպքում որոշում էր կայացվել, որ ես այդ փաստաթղթերը չեմ ստորագրելու: Հետևում է գործընթացը՝ ես հրաժարվում եմ, հետո վարչապետը կրկին հետ է ուղարկում, ես նորից եմ հրաժարվում:

Իլյա Դորոնով- Ի դեպ, ինչու՞ որոշում կայացրեցիք չստորագրել։

– Առաջին հերթին, ես հանդիպում եմ ունեցել գլխավոր շտաբի պետի հետ, երկար խոսակցություն եմ ունեցել: Հետո հանդիպել եմ բոլոր գեներալների հետ, նրանց հետ ժամերով խոսել եմ: Ես նրանց բոլորին լսել եմ որպես նախագահ: Երկրորդ՝ ես լսել եմ մասնագետներին, փաստաբաններին, որոնք սահմանադրական հարցերի մասնագետներ են, հետո «միացրել եմ» տրամաբանությունս, և որոշումը շատ պարզ էր: Կարծում եմ, վստահ եմ, որ այդ հարցում կա սահմանադրական խնդիր: Ես, որպես երկրի նախագահ, իրավունք չունեի ստորագրել այդ որոշումը:

Իլյա Դորոնով- Ձեզ ընդհանրապես ուժե՞ղ էին ճնշում, որ ստորագրեիք, և, ընդհանրապես, ճնշե՞լ են:

– Գիտեք ինչ, պայմանական ասած, ճնշումներին նայում եմ հանգիստ, որովհետև, եթե ես անեմ այն, ինչ դուր է գալիս իշխող ուժին կամ կառավարությանը, այդ դեպքում հնարավոր է՝ ոչինչ չասեն, հնարավոր է՝ կասեն կամ չեն ասի շնորհակալություն, բանն այդ չէ: Եթե անեմ մի բան, որն իրենց սրտով կլինի կամ նրանց տրամաբանության մեջ, ապա քննադատություն կլինի, այդ քննադատությունը կգա տարբեր կողմերից, և այդպես շարունակ: Նույնն է ընդդիմության հարցում: Ես հայտարարում եմ, որ չեմ ստորագրում՝ իրենց համար դառնում եմ հերոս: Ասում եմ, որ կդիմեմ Սահմանադրական դատարան ա՛յս կերպ, նրանք ասում են, ո՛չ, ո՛չ, մեզ պետք է ա՛յ սա: Ես ասում եմ, որ այսպես է ճիշտ, որովհետև դա միայն գեներալ Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չէ, մենք խնդիր ունենք օրենքի հետ, ինչպե՞ս պետք է դիմեմ Սահմանադրական դատարան մեկ անհատի մասով: Իմ ներկայացված դիմումը ներառում է Օնիկ Գասպարյանի հարցը, ոչ միայն ազատումը, այլև հաջորդի նշանակումը, և ընդհանրապես լուծում է խնդիրը: Դա է ճիշտը պետության համար: Եթե դուք ցանկանում եք Օնիկ Գասպարյանի հարցը դիտարկել ձեր քաղաքական նպատակների համար, դա ձեր խնդիրն է: Ասում եմ, որ չեմ ստորագրում՝ հերոս եմ, ասում եմ, որ կդիմեմ Սահմանադրական դատարան այնպես, որ ճիշտ լինի պետության համար, ապա դու ոչ միայն հերոս չես, այլև ավելի վատ մեկը։

Իլյա Դորոնով- Չե՞ք կարծում, որ եթե…

– Այս դեպքում ես գիտեմ, որ ճիշտ եմ վարվել, որովհետև նրանք և՛ երբեմն դրական բան են ասում, և՛ քննադատում են, և՛ մյուս կողմն է ասում դրական բան, և՛ քննադատում, այսինքն՝ ես պետք է գնամ ուղիղ մեջտեղով, այնտեղով, որտեղ գտնվում են պետության շահերը։

Իլյա Դորոնով- Ես ցանկանում էի հարց տալ հենց այդ մասին: Ստացվում է, որ Դուք հիմա գտնվում եք այս և մյուս կողմերի մեջտեղում։ Չե՞ք կարծում, որ եթե Դուք ինչ-որ մեկի կողմն անցնեիք, ապա քաղաքական ճգնաժամը երկրում վաղուց հանգուցալուծված կլիներ։

– Առաջին հերթին, չեմ կարծում, որ այն կհանգուցալուծվեր, որովհետև սխալ քայլերը չէին հանգեցնի հանգուցալուծման։ Երկրորդ՝ ես դարձել եմ նախագահ, որպեսզի ծառայեմ պետությանը, այս պահին ծառայում եմ ըստ այս Սահմանադրության, նույնիսկ եթե ես ինքս քննադատում եմ այդ Սահմանադրությունը, ասում, որ այն շատ խնդիրներ ունի։ Սակայն նախագահը նույնիսկ խորհրդարանական-վարչապետական հանրապետությունում չպետք է ինչ-որ մեկի կողմն անցնի։

Ես կարող եմ համակրանք ունենալ, բայց դա պետք է մի կողմ թողնեմ, հակառակ դեպքում կդադարեմ նախագահ լինել: Այդ դեպքում կա շատ պարզ որոշում՝ հրաժարական եմ տալիս և սկսում քաղաքականությամբ զբաղվել՝ ընտրելով այս՝ սպիտակ, կամ այն՝ սև կողմը։ Երևի կընտրեի ուրիշ կողմը՝ Հայաստանի եռագույն դրոշի գույները, հատկապես, որ այսօր հասարակության մեծ մասը չի կողմնորոշվել, նրանք ոչ սև են, ոչ սպիտակ, և վիճակագրությունը դա ցույց է տալիս։ Սակայն եթե ես պետք է ընտրեմ ինչ-որ մի կողմը, ապա առաջին հերթին պետք է լքեմ այս շենքը։ Իսկ նախագահը, անկախ իր համակրանքներից և հակակրանքներից, պետք է գործի միայն ըստ Սահմանադրության և օրենքների՝ ի շահ երկրի։

Իլյա Դորոնով- Հունիսի 20-ին Հայաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։

– Հնարավոր է:

Իլյա Դորոնով- Ինչու՞՝ հնարավոր է։

– Որովհետև այդ օրը՝ լինի դա հունիսի 20-ը, 21-ը կամ 23-ը, կորոշվի, երբ գործընթաց սկսվի։ Խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական խմբակցությունները պայմանավորվել են, որ դրանք կանցկացվեն հունիսի 20-ին։ Պետք է որոշակի գործընթաց լինի խորհրդարանում, պետք է լինի վարչապետի հրաժարական և մնացած ամեն ինչ, հետո այդ ամենը պետք է գա և դրվի իմ սեղանին։ Այդ ժամանակ էլ կորոշվի օրը։ Նախագահն այս Սահմանադրության համաձայն ունի ընտրություն՝ ստորագրել կամ, հնարավոր է, ուղարկի Սահմանադրական դատարան։ Ես դեռ ոչինչ չեմ ստորագրել հունիսի 20-ի համար։

Իլյա Դորոնով- Ինչքա՞ն է մեծ հավանականությունը, որ հունիսին ընտրություններ կլինեն, և է՛լ ինչից է դա կախված, բացի Ձեր ստորագրությունից։

– Բայց այն կարևոր է։

Իլյա Դորոնով- Բայց որպեսզի այն կայանա, պետք է որոշակի գործընթացներ լինեն։

– Գործընթացներ, որ պե՛տք է լինեն։ Ես Ձեզ արդեն ասացի, որ ապրում ենք քվանտային աշխարհում, և ամեն ինչ, հնարավոր է, վաղը փոխվի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների որոշումները կամ այլ գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ դրանց վրա։ Այս պահին քաղաքական կուսակցությունները որոշել են գնալ ընտրությունների։ Այս ճգնաժամից ելքը ես պատկերացրել և պատկերացնում եմ բոլորովին այլ կերպ, որովհետև լուրջ ճգնաժամ կա, և դրանից քաղաքական ելքը դասական է։

Նման դեպքերում շատ երկրներում կառավարությունը հրաժարական է տալիս, ստեղծվում է կա՛մ քաղաքական միասնության, կա՛մ ազգային համաձայնության կառավարություն, երբ մի շարք քաղաքական կուսակցություններ պայմանավորվում են, կա՛մ ազգային միասնություն, երբ որևէ քաղաքական գործիչ չկա, միայն արհեստավարժներ են։ Եվ այդ կառավարությունը սկսում է զբաղվել խնդիրների լուծմամբ։ Եթե Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, աշխատում է Սահմանադրության փոփոխությունների պատրաստմամբ, այսինքն՝ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անում, գործընթաց է լինում՝ ընդհուպ մինչև նույն խորհրդարանում որոշակի որոշումների կայացումը կամ, ասենք, գործընթաց է սկսվում, որով կպարզվի, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ են այդ մասին մտածում։ Նույնը պետք է լինի Ընտրական օրենսգրքի մասով, այսինքն՝ գործընթաց պետք է լինի։ Անշուշտ, ժամանակավոր կառավարությունը պետք է հետևի այդ գործընթացներին և շատ խնդիրներ լուծի, և վերջում՝ ընտրություններ։ Նման ընտրությունների մասին դժվար կլինի ասել, որ արդար չեն եղել, որովհետև կառավարությունը, որն ուղղակի հրաժարական է տալիս, որևէ շահ չունի և ինքը չի կազմակերպել այդ ընտրությունները: Եթե մենք Սահմանադրության կամ Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր ունենք և դրանք լուծված չեն, պետք է լուծել, հետո միայն գնալ ընտրությունների։

Հասկանալի է՝ իրական կյանքում շատ ավելի դժվար է։ Առաջին հերթին՝ արտաքին քաղաքականությունը. վարչապետը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը, և ո՞վ պետք է դրա համար պատասխան տա։ Նո՞ր կառավարությունը, ինչպիսի՞ն կլինի այդ նոր կառավարության վերաբերմունքը…

Իլյա Դորոնով- Իսկ տարբերա՞կը, երբ, օրինակ, հավաքվում են կուսակցությունները, գալիս են Ձեզ մոտ ու ասում՝«պարոն նախագահ, չենք կարողանում համաձայնության գալ, Ձեզ լիակատար իշխանություն և որոշակի անցումային ժամանակ կտանք, կառավարե՛ք պետությունը»։

– Նախ, որո՞նք են այդ կուսակցությունները՝ ԱԺ-ում ներկայացված երեք կուսակցություննե՞րը, թե՞ նաև ընդդիմությունը կամ մեկ ուրիշը։ Սա՝ առաջին հարցը։ Հարց երկրորդ՝ թույլ տալի՞ս է արդյոք մեր Սահմանադրությունը նման սցենարներ։ Ինչպես արդեն Ձեզ ասացի՝ ոչ։ Այսինքն՝ պետք է փոխել Սահմանադրությունը խորհրդարանի միջոցով կամ այլ կերպ: Սակայն, ըստ էության, կարող են այլ որոշումներ ևս լինել։

Իլյա Դորոնով- Եթե խոսենք Սահմանադրության փոփոխությունների մասին, ո՞րն է տրամաբանական՝ սկզբում ընտրություններ, հետո՝ Սահմանադրության փոփոխություննե՞ր, թե՞ հակառակը։ Եվ, ընդհանրապես, այսօր Հայաստանում արդյո՞ք նման հարց կա՝ իրական քայլեր ձեռնարկել Սահմանադրության փոփոխության ուղղությամբ։

– Հայաստանում այդ հարցը կա, թե ոչ՝ դժվար է ասել, որովհետև տարբեր քաղաքական կուսակցություններ տարբեր կերպ են մեկնաբանում։

Ես՝ որպես նախագահ, պարտականություն ունեմ դրա մասին խոսել, քանի որ արդեն երեք տարի ուսումնասիրում եմ, թե ինչպես է աշխատում Սահմանադրությունը։ Երեք տարի հետո հանգել եմ այն եզրակացության, որ փոփոխություններ պե՛տք են։ Կամ մենք պետք է վերադառնանք նախագահական կառավարման համակարգի, կամ պետք է ունենանք շատ ուժեղ նախագահական կառավարում և շատ ուժեղ խորհրդարան, որը ներկայացնում է յուրաքանչյուրին, ով ապրում է գյուղում կամ այս կամ այլ քաղաքում։ Կամ մենք պետք է վերցնենք այս Սահմանադրությունը, որոշակի փոփոխություններ կատարենք և հավասարակշռենք։ Այն բոլորովին հավասարակշռված չէ, իսկապես սուպերվարչապետական է։

Իլյա Դորոնով- Ստացվու՞մ է, որ գրվել է մեկ անհատի համար։

– Դո՛ւք ասացիք, ոչ ես։ Սակայն հարցն ինձ հուզում է։ Այդ թեմայի մասին խոսել եմ նաև վարչապետի, ինչպես նաև իշխող կուսակցության ղեկավարության, ընդդիմության ներկայացուցիչների, բոլորի հետ։ Կարծում եմ, որ կշարունակեմ այդ մասին խոսել։ Սակայն կան նաև այլ հարցեր, որոնք կարևոր են մեզ համար՝ ինչպե՞ս լուծել տնտեսական հարցերը, ինչպե՞ս այնպես անել, որ Հայաստան կրկին ներդրումներ գան։ Սրանք շատ կարևոր հարցեր են, հատկապես որ Հայաստանն աշխարհում ամենագրավիչ երկրներից չէր համարվում՝ հաշվի առնելով որոշ գործոններ, այսօր շատ ավելի դժվար է դարձել։

Իլյա Դորոնով- Իսկ ինչու՞։ 2018 թվականին իշխանությունը փոխվեց նաև այն կարգախոսների ներքո, որ՝ մենք կպայքարենք կոռուպցիայի դեմ, որպեսզի ներդրումներ գան։

– Գիտեք, նախ, կարգախոսները մի բան են, իսկ կոռուպցիայի դեմ իրական պայքարը դժվար է։ Կոռուպցիան պարզ օբյեկտ չէ, որը կարող ես վերցնել ու փոխել։ Կարծում եմ, որ ցանկացած երկրում մշտապես պայքար կա կոռուպցիայի դեմ, և այն ամեն դեպքում գոյություն ունի։

Երկրորդ, ըստ էության, ներդրումները երկիր գալիս են ոչ այն պատճառով՝ այնտեղ կոռուպցիա կա, թե չկա։ Երկիրը պետք է գրավիչ լինի, պետք է լինի վստահելի, ինչպես նաև կանխատեսելի և կայուն։ Սրանք շատ կարևոր են։

Ինձ թվում է, որ ապագայում ներդրումներ կգան, եթե երկիրը ուղղվածություն ունենա դեպի ապագա։ Կարծում եմ, որ Հայաստանի ապագան հենց նոր տեխնոլոգիաների ստեղծումն է։ Նոր տեխնոլոգիաները վաղը կամ մյուս օրն առանց արհեստական բանականության չեն կարող լինել։ Այս իմաստով ինձ համար շատ հաճելի էր, որ մենք այդ մասին երկար խոսել ենք նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով նույնպես իսկապես նայում է դեպի ապագա։ Եվ դա ոչ միայն խոսակցություն էր, այլև հաջորդել է կոնկրետ իրական հետաքրքրություն նրա կողմից։

Իմ գաղափարն այն է, որ Հայաստանում հավաքվի այն լավագույն նոու-հաուն, որը կա ամբողջ աշխարհում արհեստական բանականության ոլորտում ՝ հաշվի առնելով իմ կապերը տարբեր ընկերությունների, մարդկանց հետ։ Մոտավորապես 15 ընկերությունների հետ պայմանավորվել եմ։ Դա եղել է պատերազմից առաջ։ Այսինքն՝ նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, այլ պետք է սովորել նրանից, ովքեր այն ունեն։

Իլյա Դորոնով- Իսկ պատերազմը փոխե՞լ է այդ ծրագրերը։

– Ոչ, ծրագրերը չեն փոխվել, պարզապես պատերազմ էր։ Լավն այն է, որ մեր շատ գործընկերներ Ռուսաստանից, Եվրոպայից, Սիլիկոնյան հովտից, Հնդկաստանից, Մերձավոր Արևելքից վերահաստատում են, որ հետաքրքրված են։ Ինձ համար դա շատ կարևոր ծրագիր է։

Իլյա Դորոնով- Իրավիճակը, որը կար այս 30 տարիների ընթացքում, երբ Սփյուռքն ուղղակի գումարներ էր ուղարկում Հայաստան, ըստ էության, որևէ լավ բանի չի հանգեցրել։ Պե՞տք է արդյոք հիմա փոխվի Սփյուռքի դերը։

– Անշուշտ, պետք է փոխվի։ Եվ այստեղ անդրադառնամ Ձեր նախորդ հարցին՝ ո՞ւր ենք մենք գնում: Հայաստանի առաքելությունը պետք է հստակորեն ուղղված լինի դեպի ապագա, դեպի լավ, ուժեղ ապագա։ Այս իմաստով Սփյուռքն ունի մեծ դեր։ Այս իրավիճակում ես կարող եմ այն պայմանական բաժանել երկու սփյուռքների, մեկը ռուսական սփյուռքն է, որն ամենամեծն ու մոտն է, և մյուսը՝ ընդհանրապես համաշխարհային սփյուռքը։

Մենք պետք է Սփյուռքի և Հայաստանի միջև եղած բոլոր բեռլինյան պատերը քանդենք, որ ցանկացած մարդ, որն իր հայրենիքին կամ իր նախնիների հայրենիքին ծառայելու ցանկություն ունի, կարողանա գալ այստեղ և սկսի աշխատել։ Եթե նա նախարարի հիանալի թեկնածու է, ապա՝ խնդրեմ։ Անշուշտ, կան շատ տեխնիկական հարցեր, անվտանգության հարց, սակայն բոլոր հարցերը հնարավոր է լուծել։

Իլյա Դորոնով- Ի վիճակի է արդյո՞ք Հայաստանն, ըստ էության, դառնալ ինքնաբավ։

– Ինքնաբավ ասվածը պայմանական է։ Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է։ Ես հարաբերականության տեսության մասնագետ եմ։ Ոչ ոք ինքնաբավ չէ, այսինքն, դա բոլորովին այլ թեմա է: Այս աշխարհում, որում ամեն ինչ փոխկապակցված, արագ է, ամբողջությամբ անկախ լինելն ընդհանրապես անհնար է։ Այս աշխարհում որոշակի հարցեր Հայաստանը պետք է ինքը լուծի։

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ հիմա Հայաստանի հասարակությունը, մարդիկ ընտրության հնարավորություն ունեն սևերի և սպիտակների միջև, ինչպես Դուք եք ասում։ Հնարավո՞ր է ակնկալել, որ Հայաստանում կհայտնվեն, ինչպես նշեցիք, եռագույններ, և մարդիկ ստիպված չեն լինի ընտրություն կատարել նորերի, որոնցից շատերը հիասթափվել են, և հների միջև, որոնց շատերը չեն ցանկանում, որ գան իշխանության։

– Պատասխանը պետք է իմ կողմից լինի դրական։

Իլյա Դորոնով- Կա՞ն արդյոք ներսում այդպիսի ուժերը: Փորձեմ կոնկրետացնել հարցը՝ Դուք, որպես նախագահ, պատրա՞ստ եք նման շարժում ստեղծել։

– Նախ և առաջ, Դուք կրկին շոշափեցիք թեմա, որի պատասխանը շատ պարզ է։ Որպես նախագահ՝ ես չեմ կարող նման շարժում ստեղծել…

Իլյա Դորոնով- Այո, դրա համար պետք է հեռանալ պաշտոնից…

Երկրորդ՝ ցանկացած երկրում, ցանկացած ազգի մեջ միշտ լինում են մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում։ Չի կարելի ամբողջ ազգին բաժանել սևերի և սպիտակների, եթե նույնիսկ նրանցից մեկն ունի հիանալի գաղափարներ և ներկայացնում է աշխարհում ամենալավ բանը։ Մարդիկ միշտ փնտրում եմ ինչ-որ ուրիշ բան, ինչն անկրկնելի է և մեզ զարգանալու ուրիշ հնարավորություններ է տալիս կամ հանգեցնում է խնդիրների լուծման։ Ես բացարձակապես վստահ եմ, որ որոշակի ժամանակ անց Հայաստանը կդառնա բազմագույն։ Թե ինչքան ժամանակ կպահանջվի, չեմ կարող նշել։

Իլյա Դորոնով- Եվս մեկ ցավոտ հարց։ Դուք ասացիք, որ հնարավոր չէ ամեն անգամ ձախողումները վերագրել հարևանին։ Ի՞նչ եք կարծում, պատերազմից հետո հնարավո՞ր է նորմալ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։ Հնարավո՞ր է դրանք կառուցել, անհրաժե՞շտ է։

– Ձեր հարցի պատասխանը՝ տեսականորեն, սկզբունքորեն ինչ-որ մի օր, հավանաբար, հնարավոր է: Բայց ե՞րբ, քանի՞ տարի անց, չգիտեմ, չեմ կարող պատասխանել, որովհետև Հայաստանի համար շատ ցավոտ է, ինչպես ադրբեջանցիների համար էր ցավոտ 1994-ին, 1995-ին, 1996-ին։ Սակայն հարաբերությունների կարգավորման կամ ինչ-որ ծրագրերի մասին խոսելուց առաջ կան այսօրվա շատ ցավոտ հարցեր, որոնք պետք է լուծել։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ։ Հայաստանում կամ Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիներ չկան։

Նրանք ընտանիքներ են, մարդիկ են, երեխաներ են, ծնողներ են… Սա շատ ցավոտ է Հայաստանում։ Եթե այս ամենին նայենք միջազգային օրենքի տեսանկյունից՝ սա սխալ է: Մինչև տարբեր բաների մասին խոսելը, կարծում եմ, շատ ճիշտ կլիներ, որ այս պահին Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցույց տալով որոշակի վերաբերմունք՝ հումանիտար և մարդկային։

Բացի ռազմագերիների հարցերից, կան նաև հարցեր՝ կապված այն մարդկանց հետ, որոնք անհետ կորած են։ Անհետ կորածների ծնողների հետ ես հանդիպել եմ, դա շատ ծանր է։ Երբ մարդիկ կորցնում են իրենց երեխային կամ ծնողին, ցավոտ է։ Սակայն երբ մարդիկ ամեն օր ապրում եմ անորոշության մեջ, երբ մարդն անհետ կորած է համարվում, նրանց հարազատները հույս ունեն, որ, ամեն դեպքում, կենդանի են։ Այս թիվը ևս փոքր չէ, և շատ հարցերի պատասխաներ գտնվում են սահմանի մյուս կողմում։ Ադրբեջանը կարող է օգնել այդ ընտանիքներին՝ տրամադրելով տեղեկություններ կամ այն մարդկանց մարմինները, ովքեր զոհվել են։
Անհետ կորածների հարցը ևս մեկ վերք է։ Հայացքը դեպի ապագա ոչ միայն խնդիրների հաղթահարման, այլև երկխոսության կառուցման ճանապարհներից մեկն է։

Իլյա Դորոնով- Իսկ այն, որ Հայաստանը նույնիսկ պատերազմի ժամանակ չճանաչեց Ղարաբաղը, դա սխա՞լ էր։

– Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։

Իլյա Դորոնով- Այդ դեպքում կտամ վերջին հարցը։ Ինչպե՞ս պատերազմը փոխեց հայ հասարակությանը։

– Մենք դեռևս անցնում ենք այդ գործընթացի միջով։ Չեմ կարող ասել, թե ինչպես է նա փոխվել, սակայն դեռ փոխվում է։ Մարդկանց տարբեր խմբեր տարբեր կերպ են փոխվում։ Սակայն, որպես հասարակություն, մարդիկ, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Ղարաբաղում, փոխվել են, կամ նրանք, ովքեր ապրում են Հայաստանից դուրս։ Չեմ կարող այսօր դատողություն անել, բայց այն, որ մենք, որպես ազգ, արդեն չենք լինի այնպիսին, ինչպիսին վեց-յոթ ամիս առաջ էինք, փաստ է։ Ես ցանկանում եմ հավատալ, որ մենք ավելի ուժեղ կդառնանք:

Իլյա Դորոնով- Շատ շնորհակալություն։

– Ձեզ եմ շնորհակալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ