Իրավական
22:40 27/12/2019

Նախատոնական տրամադրություն ՔԿՀ-ներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արդեն ամանորյա տրամադրություն է: Տոնական միջոցառումներ են կազմակերպվում ինչպես հիմնարկի վարչակազմի կողմից, այնպես էլ մշակութային տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ:

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բավական բարձր, երաժշտական և տոնական մթնոլորտ էր. ազատազրկված կանանց օրը փորձել էր բովանդակալից դարձնել «Փարվանայի» երաժշտական խումբը՝ իր ուրախ, ազգագրական, ֆոլկլորային երգեցողությամբ: Համույթին էին միացել նաև կին դատապարտյալները գեղեցիկ, ժամանակակից երգերի կատարումներով և ասմունքներով:

Դատապարտյալ կանանց նախաձեռնությամբ և հիմնարկի վարչակազմի, մասնավորապես սոցիալական. հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ տոնական օրն ամբողջականացրել էին օրվա հերոսները՝ Ձմեռ պապը, Ձյունանուշը և տարվա խորհրդամիշ Մուկը, որոնց դերերը ստանձնել էին հենց իրենք՝ ազատազրկված կանայք:

Միջոցառման ավարտին «Աբովյան» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ շնորհակալություն հայտնելով երաժիշտներին այցի և օրը կենսուրախ ու տոնական դարձնելու համար:

Ազատազրկված կանայք ևս հայտնել են իրենց երախտիքի խոսքերը հիմնարկի վարչակազմին և հյուրերին՝ ակնկալելով հետագայում նմանատիպ հանդիպումների շարունակություն:

Իսկ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տարին ամփոփվել է մարզական միջոցառմամբ. հիմնարկի սոցիալական. հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բիլիարդի առաջնություն, որին մասնակցել է շուրջ քսան դատապարտյալ, այդ թվում նաև՝ օտարերկրյա դատապարտյալներ:

1-ին պատվավոր տեղն զբաղեցրել է դատապարտյալ Նարեկ Առաքելյանը, 2-րդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալինաղի-Թաղի Հասանին, 3-րդը՝ Արթուր Բաբլոյանը: Հաղթողներին շնորհվել են պատվոգրեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ