fbpx
Իրավական

Նախագահ Սարգսյանը կարևորել է ՍԴ բնականոն գործունեության ապահովումը. հայտարարություն

Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստրագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որևէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները և որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը:

Ի պատասխան վերը նշված հարցադրումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաև դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

Նախագահը խնդրի շուրջ լսել է նաև քաղաքական խմբակցությունների, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները՝ նրանց հետ ունեցած իր հանդիպումների ընթացքում:

Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են Օրենքին առնչվող միջազգային փորձը և Օրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը:

Օրենքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներն ու բերված փաստարկները հաճախ ունեն բարոյաքաղաքական և զգացմունքային շեշտադրումներ և արդյունք են իրավական նորմերի մեկնաբանության ընթացքում տարբեր և երբեմն հակասական մոտեցումների, քաղաքական շահերի:

Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրում է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:

Նախագահը կարևորելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և պետական ինստիտուտների արդյունավետ և համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի Նախագահի աշխատակազմը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ