Իրավական
11:40 12/12/2019

Նարեկ Սարգսյանը Հայաստան կտեղափոխվի «չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո»

Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։

Հիշեցնենք, օրերս Գլխավոր դատախազությունը հանձնարարել էր Ոստիկանությանը կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը Հայաստան՝ այն բանից հետո, երբ Չեխիան բավարարեց պաշտոնաթող նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

Նախկին նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար, անցած տարվա հուլիսի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ