fbpx
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է պատերազմի ժամանակ զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրուն

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրի Մարիամ Բզնունու հետ՝ ուղեկցությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Մովսես վարդապետ Սարգսյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և մխիթարության խոսքերը փոխանցեց հոգելույս սարկավագի կնոջը՝ անդրադառնալով, որ ճեմարանի տարիներից և միաբանական կյանքի շրջանից ճանաչել է Նարեկին, ով ամենուր նախանձախնդրությամբ ու բարեխղճորեն էր կատարում իր պարտականությունները, ինչի ապացույցն են նաև պատերազմի ընթացքում վերջինիս դրսևորած ծառայանվիրումն ու արիությունը:


Վեհափառ Հայրապետը, աղոթելով լուսահոգի Նարեկ սարկավագի ընտանիքի համար, հորդորեց առ Աստված ապավինությամբ շարունակել ապրել աստվածային սիրո ու ջերմության ներքո՝ հավերժացնելով նրա անմար հիշատակը։

Նարեկ սարկավագ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ