fbpx
Մշակույթ

12:30 6/10/2019

Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան ռեժիսորական զույգի նոր ֆիլմը բացառություն է․ Զավեն Բոյաջյան

Թարգմանիչ Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժամանակակից հայկական կինոն գրեթե զուրկ է բարձրակարգ նմուշներից: Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան ռեժիսորական զույգի նոր աշխատանքը՝ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը, բացառություն է: Այստեղ հանդիպեցի մի շարք հատկանիշների, որոնք հազվագյուտ հյուրեր են այսօրվա մեր էկրանին: Փորձեմ թվարկել դրանք:

  • Իրապատում սյուժեն, որ ներշնչված է բոլորիս ցնցած հրեշավոր պատմությունից՝ Գյումրիի ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովի գործած որքան դիվային, այնքան էլ առեղծվածային սպանդից, գեղարվեստական բազմաշերտ նյութի է վերածվել՝ շոշափելով փիլիսոփայական, քաղաքական, բարոյական, կրոնական տանջալի հարցադրումներ:
  • Դրամատուրգիական նյութի էկրանային մատուցման մեջ ռեժիսորներին հաջողվել է արտասովոր հիբրիդ ստանալ՝ արտհաուսը խաչասերելով թրիլերին բնորոշ տարրերի հետ: Այս պոստմոդեռնիստական համադրումն անսպասելի և դրանով իսկ շատ հետաքրքիր արդյունք է տվել:
    Ֆիլմի ոճաբանությունը հենված է իրական և սիմվոլիկ պլանների փոխլրացնող, համադրության վրա՝ այս երկու նժարի հավասարակշռությունը շարունակ պահպանելով:
  • Սայթաքուն թեման ներկայացված է խոհուն, զուսպ ու հայեցողական մոտեցմամբ. իսպառ բացակայում են պաթոսը, հրապարակախոսությունը, մելոդրամատիզմը:
  • Ֆիլմի հեղինակները ներկա են ոչ թե իրենց ներկայացրած պատմության, այլ այն ուշագրավ ռեժիսորական կուլտուրայի, գեղագիտության մեջ, որով դրոշված է ֆիլմը:
  • Երիտասարդ օպերատոր Արթուր Ուստյանի աշխատանքն անսպասելիորեն հասուն էսթետիզմ ունի:
    Երաժշտությունն իմաստակիր է և տեղին. Վիվալդին աննման է, նոր, խորախորհուրդ չափում է բերում, իսկ Արամ Խաչատրյանի սակավածանոթ դաշնամուրային պիեսները դարձել են ֆիլմի հյուսվածքի օրգանական մասը:
  • Կերպարները կենդանի մարդիկ են, տպավորիչ և աշխատված, դերակատարների ընտրությունն անվրեպ է, դրվագային դերերն անգամ մշակված են (ողջույններս Քրիստինա Հովակիմյանին): Խոսքը բնական է ու հավաստի:

Այսքանից հետո զարմանալի չէ, որ Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը ներկայումս գործող այն սակավաթիվ հայ ռեժիսորներից են, որոնք ներկայացնում են մեր կինոն միջազգային ասպարեզում:

«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը Ռոտերդամում կայացած պրեմիերայից հետո փառատոնային շրջագայության է ելել»:

Ժամանակակից հայկական կինոն գրեթե զուրկ է բարձրակարգ նմուշներից: Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան ռեժիսորական զույգի նոր…

Geplaatst door Zaven Boyajyan op Zaterdag 5 oktober 2019

Վերեվ