Բրյուսելում հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանն ու նրա կինը: Ամուսինները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բելգիական աղբյուրները։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բրյուսելի Ստեֆանի հրապարակի մոտ։ Հարձակվողներն ատրճանակի բռնակով հարվածել են հրապարակում զբոսնող ադրբեջանցի դիվանագետ Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ գլխին, գողացել նրանց ժամացույցները, որոնց ընդհանուր արժեքը, ըստ աղբյուրի, կազմում է 90 հազար եվրո։
Հաղորդվում է նաև, որ Բրյուսելի դատախազությունը հետաքննում է տեղի ունեցածը: