Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ ականավոր գիտնականների, որոնք Հայաստան են ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից։ Նրանք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։
Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա:
«Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ, իսկ այս նպատակին տանող ամենակարճ ճանապարհը լավագույնների հետ գործընկեր լինելն է, նրանց ակադեմիական ու ինդուստրիալ փորձը Հայաստան բերելը»,– նշել է նախագահ Սարգսյանը: