fbpx
Տնտեսություն

Նախարարն օրենսդիրներին առաջարկում է ներկայացնել ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հնարավոր իջեցման ցանկ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանի գործընկերներին խնդրեց ներկայացնել այն առաջնային ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքերի իջեցման համար հնարավոր է դիմեն ԵԱՏՄ համապատասխան մարմիններին: Նախարարն այս մասին հայտնեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատեց` Հայաստանում սպասվում է ավտոմեքենաների մաքսատուրքերի աճ: Ընտանի թռչուների մսի մաքսատուրքերը ևս բաձրանում են, 2020 -ին 25 տոկոսով են բարձրացնելու, 2021-ին` 50 տոկոսով: Կաթի, սերուցքի, չոր կաթի, ցորենի, արևածաղկի ձեթի և այլ շատ ապրանքների մաքսատուրքերը ևս աճում են: Նա առաջարկեց նախարարին, որ ԵԱՏՄ հանձնաժողովում պատասխանատուներն այս հարցերը բարձրացնեն, աշխատանք կատարեն մաքսատուրքերի իջեցման համար:

«Ցորենի, ավտոմեքենաների և այլ ապրանքների մասով անցումային ժամանակահատվածում արտոնություն տրված է եղել Հայաստանին` անդամակցության ճանապարհ անցնելու համար: Եվ այդ բանակցությունը բավականին երկար ժամանակ է տևել: Անցումային այդ ժամանակը, որ տրված է արդեն արտոնյալ է: Բանակցությունն արդեն մեկ անգամ եղել է, և այն ինչ ստացել ենք որպես արտոնյալ ժամանակահատված, փաստաթղթում ամրագրված վերջնաժամկետներ ունի»,-նշեց նախարարը:

Մելքումյանի խոսքով՝ բանակցություններում շատ հարցեր ճիշտ չեն հաշվարկվել ժամանակային տեսանկյունից, անհրաժեշտ է որպեսզի վերաիմաստավորենք, և անհրաժեշտության դեպքում դիմենք մաքսատուրքերի իջեցման համար:

Նախարարը շեշտեց` ինքը չի ասում, թե բանակցությունների համար ամեն ինչ ավարտվել է: «Մենք հետագա գործողությունների համար պետք է ընտրողաբար առաջնորդվենք: Խնդրում եմ, որ որոշենք, թե որ ապրանքատեսակներն են, որ մենք միասնաբար կարծում ենք, թե ամենառաջնահերթ նշանակություն ունեն: Չենք կարող ամբողջ ցանկի համար վերաբանակցել: Մենք էլ ունենք մեր նկատառումները»,-ասաց նախարարն ու շեշտեց` պետք է ծանր ու թեթև անել պնդելուց առաջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ