fbpx
Մշակույթ

Նազենի Ղարիբյանը և Արթուր Մեսչյանը այցելել են կինեմատոգրաֆիայի միություն

ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այցելեցին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն՝ ծանոթանալու Ազգային Սինեմատեքի՝ Հայաստանի Ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոնի նախագծին, շենքային պայմաններին, ինչպես նաև քննարկելու ՀՀ վարչապետի հանձնարարականի ընթացքը և հետագա քայլերը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն առաջարկել է իր սեփականություն հանդիսացող շուրջ 1219 քմ. եռահարկ կապիտալ շինությունը տրամադրել և այդ շինության տարածքում ստեղծել Ազգային Սինեմատեք՝ Հայաստանի Ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն մայրաքաղաքի սրտում, որը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ նոր, ժամանակակից տեխնոլոգիական թանգարան, որը կծառայի թե որպես կրթական կենտրոն, թե որպես մշակութային միջավայր և թե որպես զբոսաշրջային հանգույց:

Այս նպատակի համար Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն անցած մեկուկես տարում իր միջոցներով նորոգել է Կինոյի տան մեծ դահլիճը՝ պահպանելով ու վերականգնելով եզակի այդ կառույցի ամբողջ նախնական տեսքը, որը Եվրոպայում պահպանված բացառիկ կինոդահլիճներից է, նորոգել է դահլիճի հարակից տարածքները, քաղաքաշինության կոմիտեի աջակցությամբ իրականացրել է Ազգային Սինեմատեքի նախագծային-նախահաշվային աշխատանքներ, բանակցություններ է սկսել Ամստերդամի, Թուրինի, մի շարք այլ Սինեմատեքների հետ՝ մեթոդոլոգիական-խորհրդատվական համագործակցության շուրջ:

ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ այս նախագծին աջակցելու խնդրանքով՝ ներկայացնելով Սինեմատեքի կոնցեպտը, ընդգծելով պետություն-հասարակական հատված-մասնավոր հատված համագործակցության հեռանկարները:

Այցի ընթացքում պաշտոնյաները հանգամանորեն ծանոթացան թե ապագա Ազգային Սինեմատեքի տարածքին, թե նախագծային փաստաթղթերին և թե հանգամանորեն քննարկեցին մայրաքաղաքում նոր մշակութային միջավայրի ստեղծման կարևորությունն ու նշանակությունը, թե կառավարման հնարավոր մոդելները, թե մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները՝ թանգարանի ենթակառուցվածքների զարգացման գործում:

Անդրադարձ եղավ նաև կառույցի դիմացի հարակից հրապարակը աստղային պուրակի վերածելու, կանաչ գոտիներ ստեղծելու և ընդհանուր մշակութային միջավայր ստանալու խնդրին:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ