fbpx
Խորհրդարան

Ներկայացվել է ԵԱՀԿ «ՀՀ-ում ոստիկանություն-հասարակություն գործընկերության ամրապնդում» ծրագիրը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ ազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգի հետ:

Արմեն Խաչատրյանը, ողջունելով հյուրին Ազգային ժողովում, կարևորել է միջազգային կառույցների հետ գործակցությունն ու նրանց աջակցությամբ ոստիկանության համակարգում նախատեսվող բարեփոխումներն ու ոլորտում ծրագրերի իրականացումը:

Մոնա Նորդբերգը ներկայացրել է «ՀՀ-ում ոստիկանություն-հասարակություն գործընկերության ամրապնդում» ծրագիրը, դրանով նախատեսված միջոցառումները: Կարևոր է համարվել ոստիկան-հանրություն հարաբերություններում հմտությունների զարգացումը, ինչի համար ոստիկանության կրթահամալիրի որոշ դասախոսներ կվերապատրաստվեն:

Ոստիկան-ԶԼՄ-ներ փոխըմբռնումը զարգացնելու նպատակով կկազմակերպվի կլոր սեղան՝ ընտանեկան բռնությունների լուսաբանման հարցերով: «Այս դեպքերով հրապարակումները պետք է լինեն նպատակային»,-նշել է Մոնա Նորդբերգը: Ըստ նրա՝ նախատեսվում է իրականացնել նաև հարցում՝ թավշյա հեղափոխությունից հետո ա՞րդյոք բարձրացել է հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ:

Արմեն Խաչատրյանը, խոսելով ոստիկանաքկան համակարգում կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ, տեղեկացրել է, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմքում եվրոպական երկրների փորձն է: Պատգամավորը կարևորել է պարեկային ոստիկանության համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տալու արագ արձագանքել բոլոր իրավախախտումներին: «Ոստիկանը գործառույթները իրականացնելիս պետք է տեսանելի լինի հանրության շրջանում իր դրական կերպարով»,- ասել է Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նաև փոխվելու է կադրերի ընտրության քաղաքականությունը: Կարևորվելու են ոչ միայն արհեստավարժությունը, այլև բարոյահոգեբանական հատկանիշները:

Հանդիպմանը քննարկվել են բնագավառին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ