Սպորտ

Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղդասարյանից, որ նրան ժամանակին չեմ լսել․ Ռուբեն Հայրապետյան

Սուրեն Բաղդասարյանը, ով այժմ մեղադրում է ինձ, ճիշտ է անում: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ խոսելով հայկական ֆոտբոլում ստեղծված իրավիճակի մասին։

«Իմ մեծ սխալն է եղել, որ Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին ընդունել եմ աշխատանքի։ Դրանում ինձ կարող է մեղադրել ֆուտբոլային հանրությունը։ Սուրեն Բաղդասարյանը, ով այժմ մեղադրում է ինձ, ճիշտ է անում, որովհետև նա գիտեր, թե այդ երկուսն իրականում ովքեր են։ Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղդասարյանից, որ նրան ժամանակին չեմ լսել»,-ասել է նա։

Հայրապետյանի խոսքով՝ նրանք երազել են ՀՖՖ նախագահին մոտիկից տեսնել, իսկ հիմա պետք է տեսնել, թե ինչերի են հավակնում։

«Նիկողոսյանի մասին չեմ էլ ցանկանում խոսել, չնայած, այսօր բարկացած տվել եմ նրա անունը։ Առհասարակ, էսպիսի մի խոսք կա․ «ես սրան լավություն չեմ արել, ինչու՞ է ինձ վատություն անում»։ Արմեն Նիկողոսյանին այնքան լավ բան եմ արել՝ կապված անձնականի, ընտանիքի հետ։ Չեմ էլ ցանկանում խոսել նրա մասին»,-նշել է ՀՖՖ նախկի նախագահը։

Անդրադառնալով Մելիքբեկյանին՝ նա ասաց, որ վերջինս եղել է գործադիր տնօրենի տեղակալ, և որ ինքը նրան հանել է աշխատանքից։

«Նա պատանեկան հավաքականի հետ մեկնել էր Իսպանիա և, սովորաբար, խմբի ղեկավարներին քարտ ենք տալիս, որի մեջ մի քանի հազար եվրո գումար է լինում համապատասխան ծախսերի համար, իսկ վերադառնալուց հետո ծախսերը հիմնավորում էին։ Մելիքբեկյանը վերադարձավ ու ասաց, որ իր քարտը գողացել և գումարը հանել են։ Այդ գումարը իմ գրպանից փակել եմ և նրան հանել աշխատանքից։ Երբ քարտը կորում է, հնարավոր է անմիջապես զանգել և արգելափակել այն, այնպես չէ՞։ Դա հեքիաթ է»,- ասել է Հայրապետյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ