fbpx
Քաղաքականություն

Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Նևյան միջազգային բնապահպանական համաժողովին Պետերբուրգում

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։

Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ:

2008 թվականից անցկացվող համաժողովը տարիների ընթացքում ձեռք է բերել բարձր հեղինակություն և դարձել բնապահպանության ոլորտի միջազգային մակարդակի ծանրակշիռ հարթակ՝ ընդունված երկրների կառավարությունների, խորհրդարանների, գործարար ու գիտական շրջանակների կողմից։ Համաժողվին մասնակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Տասնյակ երկրների կառավարությունների ու խորհրդարանների բարձրաստիճան պաշտոնյաների,գիտնական-փորձագետների և առաջատար միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կլոր սեղանների ձևաչափով քննարկվել են ջրային ու անտառային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, բնապահպանական կրթությանը և էկոտուրիզմին, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ազգային ռազմավարությունների և նախագծերի ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կլիմայական օրակարգին, կլիմայի նոր քաղաքականությանը, «կանաչ» էներգետիկային, շրջանաձև տնտեսության զարգացման ժամանակակից մարտահրավերներին։

Տեղի են ունեցել բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման օրենսդրության կատարելագործման, էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միասնական մոտեցումներին վերաբերող քննարկումներ ու փորձի փոխանակում։ Մայիսի 27-ին կլոր սեղանի շուրջ և մայիսի 28-ին համաժողովի լիագումար նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը շրջակա միջավայրի պահպանության ռազմավարության, բնապահպանական խնդիրների հաղթահարման առաջնահերթությունների, ոլորտի ձեռքբերումների և հետագա գործողությունների վերաբերյալ` նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և դրանց ռացիոնալ օգտագործմանը ՝ սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հավասարակշռման սկզբունքի պահպանությամբ։ Որպես շրջակա միջավայրի կառավարման ուրույն խնդիր` ՀՀ կառավարությունը կարևորում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումը, ինչպես նաև անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը` բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը բացառելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ