Հայաստանի առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ամանորյա տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված՝ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ռիսկը զգալիորեն բարձրանում է։ Տոնական օրերին հաճախ օգտագործվում են երկար ժամանակ և ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ, ինչպես նաև իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք կարող են մարսողական համակարգի տարբեր խանգարումների պատճառ դառնալ։
Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս գնումներ կատարել միայն խանութներից և խուսափել անկազմակերպ վաճառքի կետերից։ Ավելին, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մթերքների պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին և արտաքին տեսքին։ Աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը՝ փոքր քանակներով և հիգիենայի կանոնների պահպանմամբ։

