Հուլիսի 19-ին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ հայտնել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։
Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, որ Նիդերլանդները հետևողական են լինելու այս հարցում՝ բոլոր հայ գերիների շուտափույթ վերադարձին նպաստելու համար։
- Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին
- ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի հարցին
Գրավոր նամակից բացի Նիդերլանդների այդ հանձնառության մասին Ս․ Կաախը խոսել է նաև նույն օրը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան թեմայով բանավեճի ընթացքում։
Նախարարի պաշտոնակատարը խորհրդարանին տեղեկացրել է նաև վերջերս տարածաշրջանային այցով Բաքում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների կողմից ԵՄ անունից գերիների հարցը բարձրացնելու մասին։ Ս․ Կաախը վստահեցրել է, որ այդ, ինչպես նաև Արցախում հումանիտար աջակցության ծավալների ավելացման հարցերով անդամ երկրների հետ անցկացված քննարկումների ընթացքում Նիդերլանդները մշտապես հանդես է եկել ԵՄ դերակատարության մեծացման օգտին։