Այսօր` հունիսի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվա նիստին վերջին անգամ իր կարգավիճակով մասնակցում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ԿԲ-ում ձեր գործունեության համար: Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը Հայաստանում: Իհարկե, մենք խոսել ենք, դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին: Դրա մասին մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա ես առաջարկում եմ, որ մենք ծափերով պարոն Ջավդյանին ճանապարհենք ԿԲ նախագահի պաշտոնից»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ինչին հետևեցին ծափահարություններ:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ առաջին անգամ կառավարության նիստին մասնակցում են ՊԵԿ նոր նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, և ՀՀ նորանշանակ ոստիկանապետը Վահե Ղազարյանը: