fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը:

Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, իսկ հունվար ամսին սպասվելիք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին գագաթնաժողովը՝ հարաբերությունների առավել նպաստավոր դառնալուն:

«Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, և մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ արձանագրենք, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետև մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլև գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ջանք»,-ասել է վարչապետը:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ողջունում է Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է: Շատ ուրախ եմ և ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Հանդիպումներ պետք է տեղի ունենան Արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով: Վստահ եմ, որ եռակողմ ձևաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել և արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլև ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»,ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը::

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ և կարևորել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝ մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ