fbpx
Կառավարություն
14:40 06/03/2020

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Բողոսի Յոսուփովիչին:

«Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Այս պահից Դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եք»,- նշել է վարչապետը:

Վարչապետը զրուցել է պարոն Յոսուփովիչի հետ, հետաքրքրվել նրա որպիսությամբ, մաղթել քաջառողջություն:

Նուրհան Յոսուփովիչը ծնվել է 1915 թվականին Թուրքիայում: Սկզբում ընտանիքով բնակվել են Ստամբուլում, այնուհետև տեղափոխվել Անկարա: Հայրը առևտրական էր, գլխակագործ: Նյութերը բերում էր Իտալիայից և տեղում կարում գլխարկներ: Երեխաների լավ կրթություն ստանալու համար ապահովել է ամեն հնարավոր պայմանները: Նուրհան Յոսուփովիչը կրթություն է ստացել տեղի իտալական դպրոցում: Միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ, և պատահական չէ, որ իտալացի մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել: Կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը: Սկզբում աշխատում էր որպես մշակույթի գծով քարտուղար: Այդպես սկսում է իր դիվանագիտական աշխատանքը: Հետագայում Նուրհան Յոսուփովիչը աշխատում է դեսպանատանը որպես ռազմական ատաշեի երրորդ, այնուհետև երկրորդ քարտուղար, իսկ դիվանագիտական գործունեությունն ավարտել է առաջին քարտուղարի պաշտոնում:

Կենսաթոշակային տարիքում արդեն մեկնել է Իտալիա, որտեղ և բնակվել է որոշ ժամանակ: Եվ ահա ամիսներ առաջ տեղափոխվել է Հայաստան: Նուրհան պապը զավակներ չունի, մայրն ու կինը մահացել են, և այժմ նա Հայաստանում բնակվում է քրոջ ու քրոջ տղայի ընտանիքի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ