fbpx
Կառավարություն

Պատրաստ եղեք, որ կարող է մի օր մտնեմ քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում նախագիծ էր ներկայացվել, ըստ որի քրեակատարողական ծառայության աշխատակիցների թիվը պետք է ավելացվեր 30-ով, որպեսզի հնարավոր լիներ ապահովել դատապարտյալների (կալանավորների) փախուստները կամ նրանց արգելված իրերի փոխանցումները։ Սակայն այսօրվա նիստի ընթացքում նախագիծը չընդունվեց:

Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք այս աշխատակիցներին ուղարկելու են բուժհաստատությունները հսկելու, քանի որ այս պահին այնտեղ հսկողություն իրականացնող ծառայողները չեն բավարարում անհրաժեշտ քանակը։

Փաշինյանի հարցին, թե քանի՞ թափուր հաստիք կա քրեակատարողական ծառայությունում, Զեյնալյանը պատասխանեց՝ մի քանի հարյուր։ Փաշինյանն արձագանքեց՝ այդ դեպքում ինչո՞ւ թափուր հաստիքները չեն տեղափոխվում այլ տեղ, ինչո՞ւ վերաբաշխում չի արվում։ Զեյնալյանը բացատրեց, որ եթե այդպես արվի, ապա նորմատիվներից շեղում կլինի քրեակատարողական մյուս հիմնարկներում։

Զեյնալյանն ասաց նաև, որ հիմա քրեակատարողական ծառայության աշխատանքի ընդունվելը նվազ հրապուրիչ է, քանի որ փակվել են այդ աշխատակիցների կողմից ոչ լեգալ փող վաստակելու միջոցները։

Որոշվեց, այնուամենայնիվ, հետաձգել որոշման ընդունումը և մյուս շաբաթ այն ներկայացնել ավելի հիմնավոր։

Պատասխանելով քրեակատարողական հիմնարկներում կալանավորներին տրվող սննդի մասին վարչապետի հարցին՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ էականորեն բարձրացել է Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ու կալանավորներին տրվող սննդի որակը, ինչի արդյունքում զգալի նվազել են նրանց ուղարկվող հանձնուքները։

«Ես բազմիցս ինքս նաև համտեսել եմ էդ սննդից, և մշտապես ստուգումներ իրականացվում են, դիտորդական խմբեր կան, մշտապես կապ կա կալանավորների հետ։ Էս պահի դրությամբ դրա վերաբերյալ որևէ դիտողություն չունենք»,- ասաց Զեյնալյանը։ Նախարարը նաև նշեց, որ Արդարադատության նախարարությունում հիմա մտածում են սննդի կազմակերպումը վերապատվիրակելու (աութսորսինգ) մասին, ինչի համար այդպիսի պիլոտային ծրագիր են իրականացրել Գորիսում և ունեն դրական արձագանքներ։

«Շատ լավ, ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան պատկերավոր նկարագրեցիք քրեակատարողական հիմնարկների սնունդը», – ժպտալով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զեյնալյանն ավելացրեց, որ հացի որակն էլ են բարձրացրել, ինչի արդյունքում իրենք որոշակի ծախսերի ավելացում են ունեցել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ