fbpx
Քաղաքականություն

Թյուր տպավորություն կա, թե ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կառավարության հետագա կազմի և կառուցվածքի վեաբերյալ:

«ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին խոստում ենք տվել, որ կազմը պետք փոխվի և նախարարությունների թիվը կրճատվի: Այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը բարձրացնելն է կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ լուրջ աշխատանք է սպասվում և կառավարությունում մի քանի քննարկում արդեն ունեցել են և դեռ էլի կունենան:

«Իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Մենք կլսենք բոլոր տեսակետները, կկայացնենք առավել բալանսավորված որոշում», – ասաց նա:

Անդրադառնալով Սփյուռքի նախարարաության փակմանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ թյուր տպավորություն կա, թե ուզում են «խաչ քաշել» Սփյուռքի նախարարության վրա։

«Ընդհակառակը, խնդիրը սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները առավել արդյունավետ դարձնելն է։ Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի և այդ մոդելի վերաբերյալ քննարկումներ կունենանք սփյուռքի ներկայացուցիչների հետ և կհասնենք կոնսեսուսի», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք կգնան հետևողական, հաստատուն և մտածված քայլերով և համոզմունք հայտնեց, որ արձանագրած լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը ու կգոհացնեն այն մարդկանց, ովքեր մտահոգված են պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ