fbpx
Իրավական

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Գ. Հակոբյանին և 1996թ. ծնված Մ. Ոսկանյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հարությունյանը տեղեկացրեց, որ Գ. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Մ. Ոսկանյանի նկատմամբ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ