fbpx
Խորհրդարան
12:23 16/01/2020

Նպատակ ենք դրել լիովին բարեփոխել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը․ Մխիթար Հայրապետյան

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը՝ որպես իրավական գործիք, հնացել է և չի համապատասխանում իրողություններին, որոնք ստեղծվել են նոր հետհեղափոխական Հայաստանում։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ լսումները հետապնդում են ոլորտի բոլոր խնդիրները վերհանելու և տարբեր մտքերի ու առաջարկությունների ազատ արտահայտումն ապահովելու նպատակ, որոնք կարող են հետագայում կյանքի կոչվել նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակում։

«Կիրականացվեն լուրջ և մասշտաբային փոփոխություններ։ Ոմանց համար դրանք բարդ ու ծանր կլինեն, քանի որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը մինչհեղափոխական շրջանում, գուցե, կարող էր կիրառելի լինել շատ կողմերի համար, բայց հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել լիովին բարեփոխել այս ոլորտը»,- ասաց պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ օրենսդրական նոր նախաձեռնությունը պետք է լուծի երեք խնդիր՝ տեխնիկական հարցեր, եթերի բովանդակություն, ինչպես նաև մշակութային-կրթական բաղադրիչի ապահովում, ինչը, խորհրդարանականի կարծիքով, չափազանց կարևոր է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ