fbpx
Խորհրդարան
17:00 11/02/2020

Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ. փոխնախարար

Կառավարության ծրագրում ամրագրված է՝ մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը և նվազեցնել աղքատությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին որոշման նախագիծը ներկայացնելիս։

«Կառավարության ծրագրին համահունչ՝ կառուցվածքային փոփոխություններ ենք ձեռնարկել, որոնք շատ էական բարեփոխումներ են: Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի այս տարաբնույթ կառույցների գործողությունները և կնպաստի բյուրոկրատական քաշքշուկների կրճատմանը, իսկ շահառուների կտրամադրվի որակյալ ծառայություններ»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ասաց, որ շատ լավ է, երբ կարիքները գույքագրում, թվայնացվում է, որպեսզի իմանան թե անապահով քաղաքացին ինչ խնդիր ունի: Նա հետաքրքրվեց, թե որքան է կազմում ծայրահեղ աղքատությունը:

«Մենք տարբեր տեղեր հանդիպում ենք, որ մարդ չունի օթևան, դեղի փող, մեղմ ասած սոված է, հիմա որքան էլ գույքագրենք, պետությունը ի՞նչ պարտավորությունը իրականացնում»,-հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը նշեց, որ ծայրահեղ աղքատությունը, ըստ Վիճպետկոմի հրապարակած տեղեկատվության, կազմում է 2018թ. մեկ տոկոս, որը կազմում է 30 հազար մարդ, իսկ աղքատությունը՝ 23,5 տոկոս: 2017թ. համեմատ մեկ-երկու տոկոս նվազում կա:

«Այս միտումը կարծում ենք, որ կշարունակվի»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նկատեց, որ կան հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատում են, բայց համարվում են աշխատող աղքատ:

«Հիմա համոզված ե՞ք, որ ինչ արվում է կառավարության կողմից, այս փոփոխությունները հեղափոխական են, թե կիսահեղափոխան»,-հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ թեպետ իր պատասխանը սուբյեկտիվ կարող է ընկալվել, սակայն գտնում է, որ իրապես հեղափոխական են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ