fbpx
Իրավական
03:30 26/09/2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցի ապօրինի իրացման համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, 2018թ. մարտի 4-ից հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում, նույն ՔԿ հիմնարկի մեկ այլ կալանավորից, ինչպես նաև Երևան քաղաքի բնակչից, իրացման նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի MDMB տեսակի թմրամիջոց, որն իրացրել է Երևան քաղաքի թվով 7 բնակիչների:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցի իրացման մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՔԿ հիմնարկի կալանավորն իրեն օժանդակողների միջոցով թմրամիջոցը թաքցրել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կամ օժանդակող անձինք անձամբ են փոխանցել գնորդներին, իսկ թմրամիջոցի թաքստոցների կամ օժանդակողների գտնվելու վայրերը հայտնել է, երբ գնորդները նրա կողմից տրամադրված վճարային հաշվեհամարներին փոխանցել են պահանջվող գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Նշենք, որ ավելի վաղ մեղադրանքներ են առաջադրվել նաև թմրամիջոց ձեռք բերած 4, թմրամիջոցն իրացնելուն օժանդակած 2, ինչպես նաև՝ թմրամիջոցն ապօրինի իրացրած 1 անձի, որոնց վերաբերյալ անջատված մասերով ևս հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ