Խորհրդարան

Նույնասեռականների ամուսնությունն արգելող օրենքի նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 12-ին, վիճաբանություն տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև:

Գևորգ Պետրոսյանը ներկայացնում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը: Նա երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել:

«Մեկ ա, մերժվելու ա, բայց պիտի ասեմ՝ հարգելի՛ գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, բա այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել»,-ասաց նա:

Պետրոսյանը հորդորեց կատակը մի կողմ դնել և ազգային արժեքները պահել:

«Մենք ամենավանդական ազգն ենք: Մենք չենք ասում իրանց տվեք, սպանեք, չկա տենց խնդիր: Բայց մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք: Այստե՞ղ էլ պետք է նահանջենք: Այս նախագծի բացակայությունն իմ անձին չի սպառնում, բայց դա մեր ազգային անվտանգության նկատառում ունի: Հարցեր կան, որ բոլորս պետք է միասին լինենք»,-նշեց նա։

Պետրոսյանի խոսքով՝ ինքը և խմբակցությունը դեմ են, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի:

«Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսնել»,-հայտարարեց Պետրոսյանը:

Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:

Պետրոսյանն էլ հակադարձեց նրան.«Ինչ ես խոսում չէ, ինչ եք խոսում»:

«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Գևորգ Պետրոսյանը չհամաձայնեց Միրզոյանի այս դիտարկման հետ՝ նշելով, որ ոչ մեկի անուն չի տվել, և որ իր ասածը անձնավորված չէ:

«Այս ձևն արդեն չափ ու սահման չունի: Հիմա մեկը կանգնի ասի՝ էս օրենքին ով որ դեմ քվեարկի, իր ընտանիքում սենց-նե՞նց է»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա դիմեց ԱԺ աշխատակցին՝ խնդրելով գտնել այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորին ձայնից զրկելու հարցը:

ԱԺ-ն մերժեց այս օրինագիծը օրակարգ ընդրկել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ