fbpx
Հասարակություն

Նվազագույն թոշակը՝ 37000, աշխատավարձը՝ 85000, գործազրկությունը՝ 10%-ից ցածր․ Բաթոյանը՝ ՔՊ-ի ծրագրերի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է, թե ինչ է ՔՊ-ն պատրաստվում անել մինչև 2026 թվականը՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանություն ոլորտում։

«նվազագույն կենսաթոշակի չափը 26,500 դրամից դարձնելու ենք առնվազն 37,000 դրամ,

կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից՝ առնվազն 61,000 դրամ,

նվազագույն աշխատավարձը՝ 68,000 դրամից՝ 85,000 դրամ,

միջին աշխատավարձը 190,000 դրամից՝ 300,000 դրամ,

գործազրկությունը իջեցնելու ենք 10%-ից ցածր,

աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնելու ենք,

հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները 26.500 դրամից դարձնելու ենք 33.000-52.000 դրամ՝ ըստ ծանրության աստիճանի,

զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի համար՝ 55,000 դրամ, 2-րդ խմբինը՝ 42,000 դրամ, 3-րդ խմբինը՝ 37,000 դրամ։

Բարելավելու ենք աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգը և նոր իրավական գործիքակազմով ու լիազորություններով օժտված արհմիությունների միջոցով ապահովելու ենք աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմները:

Արդյունքում կապահովենք աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողություն և կբարձրացնենք հաշտեցման հանձնաժողովների և հաշտարարների գործունեության արդյունավետությունը։

Շարունակաբար զարգացնելու ենք սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների անձնակազմի մասնագիտական կարողությունները: Մինչև 2023 թվականը Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների 100%-ը անցնելու են մասնագիտական վերապատրաստումներ։

Արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի կստանա որակյալ և հասցեկան ծառայություններ: Կբարձրանա մատուցվող սոցիալական ծառայությունների որակը, քանի որ կարիքի գնահատումն ու խնդրի ուղղորդումը կկատարվի անհատապես և պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների կողմից:

Մշակելու և իրականացնելու ենք ցածր եկամուտներ ունեցող և անապահով ընտանիքների, այլ խոցելի խմբերի համար սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականություն:

Արդյունքում նպաստելու ենք աղքատության կանխարգելմանը և ապահովելու ենք սոցիալական նվազագույն պայմաններ դրա կարիքն ունեցող քաղաքացիների համար:

Արցախից տեղահանված անձանց համար շարունակելու ենք իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր: Արդյունքում արցախցի մեր հայրենակիցները կընդգրկվեն ինչպես հումանիտար, այնպես էլ ծառայությունների մատուցման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կունենան:

Շարունակելու ենք երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացումը՝ այդ թվում բարեփոխելով օրենսդրական դաշտը։ Արդյունքում ապահովելու ենք երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, այլընտրանքային խնամքի համաչափ և ըստ կարիքի ծառայությունների ցանցի ընդլայնումը, շուրջօրյա խնամքի ապաինստիտուցիոնալացումը, համալիր աջակցության տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին։

Բացառելու ենք հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը:

Արդյունքում ստեղծելու ենք նոր ծառայություններ և բարելավելու ենք արդեն գործող աջակցման միջոցների տրամադրման, զբաղվածության և այլ ծրագրերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու համար:

Հանրապետության բոլոր մարզերում ընդլայնելու ենք ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ սոցիալական, հոգեբանական, իրավաբանական աջակցության տրամադրման, վերապատրասման կամ մասնագիտացման ծրագրերը: Արդյունքում ընտանիքում բռնության ենթարկված անձինք կկարողանան ինքնուրույն կազմակերպել իրենց կյանքը և հոգալ սեփական կարիքները։

Շարունակելու ենք զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների տրամադրումը: Արդյունքում բարելավելու ենք զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալ-վերականգնողական ծրագրերը և ծառայությունները, աջակցելու ենք նրանց սոցիալական վերաինտեգրմանը, զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանն ու կարիերայի ուղորդմանը։

Շարունակելու ենք զարգացնել դժվարին իրավիճակում հայտնված և անապահով ընտանիքների կարողությունները՝ հիմնվելով 2019-2020 թվականներին իրականացրած աղքատության փուլային հաղթահարման փորձնական ծրագրի արդյունքների վրա:

Արդյունքում ավելի շատ ընտանիքների ենք տրամադրելու մասնագիտական հմտություններ, ինքազբաղվածության գործիքներ կամ գյուղատնտեսական արտադրության միջոցներ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից»,- ասված է Բաթոյանի գրառումում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ