fbpx
Առողջապահություն

Նյութատեխնիկական աջակցություն` ՁԻԱՀ-ի կենտրոնին

Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար Դմիտրի Կիրեևը և նույն ինստիտուտի գիտական աշխատող Ալինա Կիրիչենկոն:

Այցի ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող գիտահետա­զոտական 4 աշխա­տանք­ից 2-ի` «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» և «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման գնահատում կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ», կազմակերպչական և գործնական հարցերը:

Ընդգծենք, որ նշված հետազոտություններից մեկը տարածաշրջանային է և ուղղված հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման նկատմամբ ՄԻԱՎ-ի դեղա­կա­յուն շտամների տարածման կանխման ընդհանուր համակարգի ստեղծմանը, դեղակայուն շտամների առաջաց­ման ու տարածման պատճառների վերլուծությանը, դրանց առաջացման ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումների միասնական համակարգի մշակմանը:

Երկրորդ հետազոտությունն իրականացվում է երկկողմանի համագործակցության շրջանակում և ուղղված է կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ Հայաստանում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումների գնահատմանը:

Հանդիպմանը վերլուծվել են նախորդ երեք տարիներին համատեղ իրականացված «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» գիտահետազոտական աշխատանքի նախնական արդյունքները, դիտարկվել անհրաժեշտ քայլերն` այն վերջնական ավարտին հասցնելու համար, ինչպես նաև քննարկվել են ընթացիկ աշխատանքները, հետազոտությունների ուղեցույցների մշակման, ՁԻԱՀ-ի կենտրոնի նյութատեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:

Կողմերը համաձայնեցրել են համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ անհրաժեշտ սարքավորումների, թեստերի և բժշկական նշանակության ապրանքների, ինչպես նաև վերանորոգման և տեխնիկան սպասարկման ենթակա սարքերի ցանկերը, որոնք կիրականացվեն ինստիտուտի և ՁԻԱՀ-ի կենտրոնի միջև կնքված նյութատեխնիկական աջակցության տրամադրման պայմանագրի շրջանակում, և ընդհանուր գումարի չափը կկազմի մոտ 80 հազար ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ մասնակցելով տարածաշրջանային գիտահետազոտական նախաձեռնություններին` կենտրոնը նաև համալրվում է սարքավորումներով և ստանում թանկարժեք թեստ-հավաքածուներ՝ թեթևացնելով պետական բյուջեի բեռն այս ոլորտում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ