fbpx
Առողջապահություն

Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ճամփորդության ընթացքում անհրաժեշտ պատվաստումներին և խորհուրդներ առանձնացրել դրանց վերաբերյալ՝ նկատելով, որ ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում որևէ վարակիչ հիվանդության ձեռքբերման վտանգ:

«Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Ադես ցեղի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի և վերջույթների մկանների ցավով, սրտխառնոցով և փսխումով, իսկ «դեղին» անվանումն առաջացել է հիվանդների մոտ զարգացող դեղնուկով։

Դեղին տենդի դեմ պատվաստված լինելու հանգամանքի մասին վկայող միջազգային հավաստագիրը, որն, ի դեպ, հենց «դեղին հավաստագիր» էլ կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան և լատինաամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղից են ժամանում:

Ճամփորդները դեղին տենդի դեմ պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետև պաշտպանական մեխանիզմները զարգանում են այդ ընթացքում:

Կան պատվաստումներ, որոնք խորհուրդ են տրվում` ելնելով տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: Օրինակ` Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում պատվաստվել հեպատիտ Ա-ի և որովայնային տիֆի դեմ: Մանավանդ եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հանրային սննդի վայրերից:

Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ:

Խորհուրդ է տրվում պատվաստվել պոլիոմիելիտի դեմ, եթե անձը որոշել է մեկնել, օրինակ, Աֆղանստան կամ Պակիստան. այդ երկրները պոլիոմիելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմիելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել:

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ` կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել 2 դեղաչափ, իսկ պոլիոմելիտի դեպքում` 3 պատվաստում։ Հետևաբար, հարկավոր է, որ ճանապարհորդել պատրաստվող անձը պատվաստվի ուղևորությունից առնվազն մեկ ամիս առաջ:

Եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:

Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս խորհրդատվություն և պատվաստում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (հեռախոս՝ +37410 55 06 01)»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ