fbpx
Տնտեսություն

Մեղրիի ու իրանական Նորդուզ անցակետերի միջև օպերատիվ կապ է ստեղծվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ օրակարգում եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: Դիտարկվել է նաև երկու երկրների միջև ծագող խնդիրների արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծման հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ