fbpx
Հասարակություն
17:30 07/12/2019

Օրախնդիր է յուրաքանչյուր անօթևան քաղաքացու ապահովել բարեկեցիկ կեցության պայմաններով․ Ազատ դեմոկրատներ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր գլուխ ենք խոնարհում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի և Գյումրիի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջև: Օր, որը յուրաքանչյուրիս հիշողության մեջ դրոշմվեց որպես խորը ցավի ու կսկիծի վկայություն: Կործանիչ երկրաշարժը վայրկյանների ընթացքում ավերեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը, խլեց շուրջ քսանհինգ հազար մարդկային կյանք, հինգ հարյուր ընտանիք մնաց անօթևան:

Ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 31 տարի, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ մինչ օրս բնակարանային ապահովման կարևորագույն խնդիրն ամբողջովին լուծված չէ: Համոզված ենք, որ այս ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքները պետք է լինեն առաջնային ու անհետաձգելի, և օրախնդիր է յուրաքանչյուր անօթևան քաղաքացու ապահովել բարեկեցիկ և արժանապատիվ կեցության պայմաններով: Իսկ «աղետի գոտի» կոչված անընդունելի բառերը վերջնականապես մեր բառապաշարից հանելու համար պետք է ոչ թե միայն այս օրը` դեկտեմբերի 7-ին հիշել ու այցելել երկրաշարժից տուժած բնակավայրեր, այլ պետք է լինի ամենօրյա հոգածություն այդ բնակավայրերի նկատմամբ, հստակ ծրագրերի առկայություն դրանց վերականգման ուղղությամբ:

Մեր խորին վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, մաղթում համբերություն, աննկուն կամք, լավատեսություն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ