Արցախ

Ազատագրված շրջանները զարգացնելը օրվա հրամայական է յուրաքանչյուր հայի համար. «Մանթաշով» գործարարների միության անդամ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր azat.tv-ն, «Մանթաշով» գործարարների միության անդամները սեպտեմբերի 18-20-ը եռօրյա այց էին կատարել Արցախ: Նպատակը Արցախի ներդրումային միջավայրին ծանոթանալն էր, ազատագրված տարածքներում, հատկապես Քարվաճառում, ներդրումային-զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու հնարավորությունն էր:

azat.tv-ն զրուցել է «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ տնօրեն և «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդգար Զաքարյանի հետ՝ ցանկանալով մանրամասներ պարզել արցախյան այցի, գործարարների բիզնես պլանների վերաբերյալ:

– Պարոն Զաքարյան, ի՞նչ ակնկալիքով էիք մեկնում Արցախ ու ի՞նչ տպավորություններ ստացաք Արցախ կատարած այցից, նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից։

– Ասեմ, որ գնում էինք Արցախ՝ ուսումնասիրությունների: Մինչ այդ «Մանթաշովը» ևս մեկ այց իրականացրել էր, ինչի արդյունքում մեր որոշ գործարարներ այնտեղ բացել էին իրենց ընկերությունների մասնաճյուղերը:
Ցանկանում ենք ներդրումային որոշ նախագծեր իրականացնել Արցախում, փորձում ենք ուսումնասիրել արցախյան միջավայրը և հնարավորությունները: Բավական հետաքրքիր և խոստումնալից այց ստացվեց, քանի որ ուսումնասիրութուններն իրենց արդյունքը տվեցին, քանզի Արցախի նախագահը փարատեց մեր մտահոգությունները, փորձեց ինչ-որ ձևով աջակցել մեր, որպեսզի մեր նախագծի իրագործումը լինի հնարավորինս իրատեսական: Դա բավական ոգևորիչ փաստ էր մեզ համար:

– Ինչպե՞ս ծագեց Արցախում ներդրումներ անելու գաղափարը։

– Առաջին այցելության ժամանակ «Մանթաշովի» անդամները Արցախ էին գնացել նոր ճանապարհով՝ Քարվաճառով, և բնությունը գերել էր նրանց, ինչը նրանց դրդել էր մտածել շրջանի զարգացման մասին և շրջանի զարգացման ակնկալիքով որոշել էին ներդրումային որևէ ծրագիր իրականացնել՝ նպաստելու այդ չնաշխարհիկ տարածքների զարգացմանը:

Ինչ վերաբերում է երկրորդ այցին, այդ այցի ժամանակ շատ ավելի գործնական էինք, որովհետև փնտրում էինք տարածք հենց Քարվաճառում, գիտեինք՝ մոտավոր մեզ ինչ է հարկավոր, ունեինք նախնական էսքիզ՝ ինչ ենք կառուցելու, ներդրումային ինչ ծրագիր է լինելու, որը և ներկայացրինք նախագահին:

Չցանկանալով շատ մանրամասներ բացահայտել՝ ասեմ՝ դա նախագիծ է, որը Հայաստանում այդ մասշտաբներով դեռ չի իրականացվել:

– Ի՞նչն է միավորում «Մանթաշով» գործարարների միության անդամներին:

– Միությունում հավաքված են իրենց ոլորտներում ներդրում ունեցած մարդիկ, որոնք հաջողությունների են հասել քրտնաջան աշխատանքի արդյունքում: Հուսամ՝ հետագայում միությունը կընդլայնվի, և կլինեն մարդիկ, որոնց ձեռքբերումն ու նվաճումները պայմանավորված են սեփական, տքնաջան աշխատանքով, մտքի առկայությամբ:

– Ինչպե՞ս են ընդունվում միությունում ծրագրերը, ինչպե՞ս են կայացվում համատեղ որոշումները։

– Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն՝ ամիսը մեկ-երկու անգամ ունենում ենք մեծ հավաքներ, որի արդյունքում և քննարկվում են բոլոր այդ որոշումները, և կայացվում է որոշում տվյալ հարցի վերաբերյալ:

– Ինչո՞ւ որոշեցիք միանալ միությանը:

– Նախ՝ ունեի ընկերներ միությունում, տեսա նրանց աշխատասիրությունը, համախմբվածությունը, ծրագրերի, օրենքների, բիզնեսի նկատմամբ նրանց մոտեցումները, որոնք հարազատ էին ինձ, ուստի որոշեցի միանալ, մեկտեղել ուժերը, ստեղծել նոր բիզնես միջավայր: Կարևոր էին նաև համագործակցության հնարավորությունները, որը «Մանթաշովը» ընձեռում է գործարարներին:

– Միության շրջանակում արդյո՞ք կա կոնսենսուս, համաձայնություն արցախյան ներդրումների հարցում:

– Կոնսենսուս կա, քանի որ բոլորս կարծես ցանկանում ենք Արցախում որևէ ներդրում անել, հատկապես ուզում ենք Շահումյանի շրջանում՝ Քարվաճառում, ներդրում անել, քանի որ գեղատեսիլ բնություն ունի: Ազատագրված շրջանները զարգացնելը օրվա հրամայական է յուրաքանչյուր հայի համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ