fbpx
Առողջապահություն

05:30 25/9/2019

Օտարերկրյա քաղաքացիները Տավուշում թունավորվել են իրենց հավաքած սնկից

Այսօր Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել օտարերկրյա 5 քաղաքացի՝ հետևյալ ախտանշաններով՝ կտրուկ ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն:

Հիվանդները կերել են անտառից իրենց իսկ հավաքած սունկը: Նախնական ախտորոշվել է «էկզոգեն թունավորում սնկից»:

Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդներն ավելի ուշ տեղափոխվե են  Երևան՝ բուժումը շարունակելու համար:

Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
  • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ և կարող է արտաքին տեսքով շատ նման լինել,
  • չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը,
  • սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական միջոցները, ըստ որի՝ եփելու ընթացքում արծաթը սևանում և սևացնում է սնկային արգանակը, կամ թունավոր սնկին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները,
  • չուտել հում սունկ,
  • երեխաներին չկերակրել սնկով,
  • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
  • թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ։
Վերեվ