fbpx
Արցախ

Ով հիմա հանձնում է Աղավնոն, Բերձորը, այն էլ հանձնել է Հադրութը և Շուշին․ Հանուն Հադրութի ՀԿ նախագահ

Արցախում տիրող իրավիճակն ապացուցում է, որ Արցախը պետք է հայաթափվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, ասաց ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:

Նրա խոսքով՝ իրենք դիմում են Մինսկի խմբի համանախագահող պետություններին, որպեսզի նրանք կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են: Հայրյանը հավելեց, որ 1994 թվականի պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ, պատերազմի դադարից հետո Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները ասել են, որ Արցախի հարցը պատերազմական լուծում չունի, սակայն 2020 թվականի պատերազմը այլ բան ցույց տվեց:

Լեւոն Հայրյանը ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, թե ո՞վ է մեղավոր Հադրութի եւ Շուշի հանձման համար:

«Ով հիմա հանձնում է Աղավնոն, Բերձորը, այն էլ հանձնել է Հադրութը եւ Շուշին: Պարզապես պատերազմը հնարավորություն տվեց ծածկադմփոց անել, իսկ հիմա պատերազմ չկա, չեն կարողանում ծածկադմփոց անել: Պարզապես հիմա նրանց չինովնիկներից մեկը՝ Հայկ Խանումյան անունով, գնացել է Աղավնո եւ Բերձոր եւ ասել է, որ ժողովուրդը դուրս գա տներից: Մարդկանց մեծ մասը ցանկացել է դուրս գալուց առաջ այրել իրենց տները, բայց այդ չինովնիկը ասել է՝ չհամարձակվեք այրել, եթե այրեք փոխհատուցում չենք տա»,- ասաց նա:

Երեւանում գտնվող արցախցիների վրդովվեցրել է այն, որ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը կոչ է արել միջազգային կառույցներին չօգնել Երեւանում ապաստանած Արցախցիներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք չվերադառնան Արցախ:

«Սա ասում են նրանք, ովքեր պետական քաղաքականությամբ մանր-մանր հայաթափում են Արցախը: Ու՞ր է Ղարաբաղը, քարտեզի վրա ցույց տվեք տեսնեմ, ու՞ր է այն: Հենց Ղարաբաղում ազատագրական պայքար սկսի մեզ չեք տեսնի, մեր պայքարը մենք կշարունակենք այնտեղ»,- ասաց նա:

Լեւոն Հայրյանը ներկայացրեց այն պահանջները, որով իրենք եկել են ԱՄՆ դեսպանատան մոտ:

«Մեր պահանջը այն է, որ վերականգնեն Արցախի Հանրապետության 1994 թվականի սահմանները, նոր դրանից հետո բանակցային ճանապարհով հարցերը լուծեն: ԱՄՆ-ին ուղղված նամակում նախ մենք անդրադարձել ենք ամենակարեւոր փաստին: Մենք գրել ենք, որ Արցախում կատարվում են անմարդկային անարդարություններ եւ Ամերիկան որպես ժողովրդավարության դրոշակակիր իրավունք չունի անտարբեր լինել: Մենք ԱՄՆ-ի շնորհակալություն ենք հայտնել այս տարիներին Հայաստանին օգնելու համար: Ես խոսել եմ նաեւ փախստականների մասին: Հիմա փախստականների վիճակն անմխիթար է»,- ասաց Լեւոն Հայրյանը:

Նշենք, որ այսօր Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա էին իրականացնում ԱՄՆ դեսպանատան մոտ: Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի:

Այսօր նրանք այցելելու են նաեւ ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակ` ներկայացնելով իրենց գրավոր պահանջը` երաշխավորել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ