Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մայրաքաղաքի պատմության մեջ միակ քաղաքապետն է, ում անվստահություն է հայտնվել:
Հիշեցնենք, որ նա ակտիվ մասնակցություն էր ունեցել Թավշյա հեղափոխությանը, սակայն քաղաքապետ դառնալուց հետո նրա և իշխանության «ջրերը սկսեցին մեկ առվով չհոսել»: Վերջինս բացարձակ խզել էր կապը Կառավարության և իշխանության մյուս օղակների հետ և գործում էր «պետության ներսում պետություն» սկզբունքով:
Իմպիչմենտից հետո Մարությանը տևական ժամանակ լուռ էր, այնուհետև նա հանրությանը ներկայացավ «Քաղաքապետը» մոնոներկայացմամբ, որի անոնսը բուռն արձագանք առաջացրեց մարդկանց շրջանում, իսկ բուն ներկայացումը, ըստ հանդիսատեսի, այնքան էլ հաջողված չէր:
Կինոթատրոններում ներկայացումը մի քանի անգամ խաղալուց հետո դերասան- քաղաքական գործիչը հայտարարեց, որ իր թիմով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Ժամեր անց հայտնի դարձավ, որ Մարությանի մատնանշած թիմը, կարելի է ասել, քաղաքական հետագիծ չունեցող «Ազգային առաջընթաց» կուսակցությունն է։ ԿԸՀ ներկայացված 71 հոգանոց ցուցակն էլ ավելի ընդգծեց վերջինիս հայտարարած «թիմ» ասվածը:
Մարությանի թիմում տեղ են գտել հանրությանը ոչ հայտնի անուններ, միևնույն ժամանակ նրա օրոք պաշտոններ զբաղեցրած մարդիկ ու գործող իշխանությունից տարբեր պատճառներով նեղսրտած ավագանու նախկին կամ ներկա անդամներ։
Եվ այսպես. ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը, 2-րդ համարը կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանն է, երրորդը «Իմ քայլը» խմբակցության ավագանու նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը, վերջինս խմբակցությունից դուրս գալուց հետո որպես անկախ ավագանու անդամ է մնացել։ Չորրորդը կրկին «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ է՝ Գրիգոր Երիցյանը. նա մանդատը վայր էր դրել Մարությանի իմպիչմենտի գործընթացից հետո։
Ցուցակում հինգերորդը ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն է։ Հատկանշական է, որ Վարդանյանը, լինելով ընդդիմադիր խմբակցության անդամ, Մարությանի օրոք ավագանու մանդատը վայր չդնելով, զբաղեցրել էր նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ըստ մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերի՝ Վարդանյանի նման հաջողության պատճառը Մարությանի կնոջ ընկերուհին լինելու հագմանքն էր, իսկ քաղաքապետարանում Մարությանի կնոջ ակտիվ դերակատարման մասին լուրերը ևս ակտիվ շրջանառվում էին վերջինիս պաշտոնավարման ժամանակաշրջանում։
Մարությանի մտերիմ համարվող Իոսիֆ Կուբատյանն էլ նախընտրական ցուցակում 7-րդն է։ Հատկանշական է, որ Մարությանի կողմից աշխատակազմի լրատվական վարչության պետ նշանակված Կուբատյանը նրա հեռանալուց հետո չշտապեց գնալ մտերիմ Մարությանի հետևից, միայն որոշ ժամանակ անց հայտարարվեց նրա ազատման մասին։
Ցանկում տեղ է գտել նաև ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի աղջիկը՝ իրավապաշտպան Նարինե Արամյանը։
Դատելով ցուցակում տեղ գտած անուններից՝ կարելի է ասել, որ Մարությանի թիմը սկսվում ու ավարտվում է «աննկատ», ինչպես, օրինակ, նույն կուսակցության գործունեությունը։ Իսկ թե ստվերից ո՞վ կաջակցի նրան ընտրություններում, պարզ կդառնա առաջիկայում, կամ մամուլում կլինեն արտահոսքեր:
