Աշխարհ
09:00 18/12/2019

Պակիստանի նախկին նախագահը մահապատժի կենթարկվի

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մահապատժի է դատապարտվել։ Մեղադրանքը պետական դավաճանությունն է։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ 3 հոգուց բաղկացած հատուկ դատական խորհուրդը դատապարտել է Պակիստանի նախկին նախագահին մահապատժի՝ ըստ երկրի սահմանադրության 6-րդ հոդվածի:

Օրենքի համաձայն՝ ցանկացած ոք, ով խախտում է Սահմանադրությունն ուժի կիրառմամբ կամ ուժ ցուցադրելով, մեղավոր է պետական դավաճանության համար: Երեք դատավորներից երկուսը քվեարկել են բարձրագույն պատիժ տալու օգտին:

Նախկին նախագահը մեղադրվում է 2007 թվականին կատարած պետական դավաճանության համար, երբ երկրում հայտարարել էր արտակարգ դրություն և հրամայել էր ձերբակալել Գերագույն դատարանի դատավորներին:

Պակիստանում պետական դավաճանության համար պատժվում են մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ: Մուշարաֆի դեմ քրեական գործը հարուցվել էր 2013 թվականին՝ այն ժամանակվա իշխանությունների կողմից:

Ռազմական, քաղաքական և պետական գործիչ Մուշարաֆը Պակիստանում իշխանության է եկել 1999 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ