Պակիստանի ավիաիշխանությունները վերստին երկարացրել են իրենց օդային տարածությունն օգտագործելու արգելքը՝ կապված հնդկա-պակիստանյան հակամարտության սրվելու հետ, այժմ այն կգործի մինչև մարտի 5-ի առավոտը։
«Պակիստանի օդային տարածությունը բոլոր գործողությունների համար փակ կմնա մինչև 2019 թվականի մարտի 5-ի UTC ժամանակով մինչև 8:00-ն (Երևանի ժամանակով 12:00-ն)»,- ասված է NOTAM-ի ծանուցման մեջ, որը հրապարակված է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում:
Ինչպես ճշտվում է, բացառություն Է գործում Կարաչիի, Փեշավարի, Քվետայի և Իսլամաբադի օդանավակայանների համար, որոնց թույլատրել են չվերթների սպասարկումը վերսկսել մարտի 1-ից:
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեվենդեր Անանդը հայտնել է, որ Հնդկաստանի և Պակիստանի զիինված ուժերը մարտի 4-ի առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում: Հնարավոր զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում: Վերահսկողության գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր կրթական հաստատություները փակ են մնում:
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ:
Հնդկաստանի Պակիստանին մեղադրել Է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել Է որպես «անապացույց», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: