fbpx
Խորհրդարան

Ի՞նչ միջոցառումների փաթեթ է փոխանցվել Ադրբեջանին․ պարզաբանել է Միրզոյանը

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանին և գործընկերներին։ Ազգային ժողովում կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը առնչվող լրագրողի հարցին, նշել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում հայկական կողմը նոր առաջարկներ է փոխանցել, որոնք արդեն ուղարկվել են Ադրբեջանին։ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկների մասին է խոսքը և եթե որևէ արձագանք արդեն կա Բաքվից, ապա ինչպիսի՞ն է այդ արձագանքը։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց ՌԴ ԱԳ նախարարի տեղեկությունը առաջարկի վերաբերյալ։

«Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունությանը մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքին»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ մանրամասներ, բնականաբար, չի կարող հրապարակել և իմաստ էլ չունի։

«Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են Կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշմանը և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծումից, մեր ընդհանուր նախապես հռչակած հայեցակարգից»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանը հավելեց, որ նշված փաթեթը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ