Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել «Ժամանակ» օրաթերթի դեկտեմբերի 26-ի «ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է» վերնագրով հրապարակումը, որն, «ավանդույթի» համաձայն, չճշտված տեղեկությունների հերթական դրսևորումն է: Իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շարքի վերաբերյալ՝ ըստ հերթականության: Թերթը «պարզել է», որ Միհրան Սարդարյանը գնումների բաժնի պատասխանատուն է, մինչդեռ՝ նշված ժամանակահատվածում նա զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության խորհրդականի պաշտոնը: Իրականության հետ որևէ աղերս չունի նաև այն, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման վարչության պայմանագրային աշխատակից Վլադիմիր Սարդարյանին պատկանող ԱՁ-ի կողմից 2019 թվականի ապրիլին շահած մրցույթը կոռուպցիայի դրսևորում է: Վլադիմիր Սարդարյանը, չխախտելով ՀՀ օրենսդրությունը և օգտվելով իր սահմանադրական իրավունքից, մասնակցել է մրցույթին՝ չորս մասնակիցների միջև մրցութային կարգով շահելով այն: Սակայն հետագայում, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, գործընթացը չի շարունակվել, այսինքն ՀՀ ՊԵԿ–ի կողմից Վլադիմիր Սարդարյան ԱՁ-ից գնում չի կատարվել: Բացահայտ զրպարտանք է նաև Միհրան Սարդարյանին կեղծ ակցիզային դրոշմանիշեր տրամադրելու մեջ մեղադրելը: Նշված անհեթեթ միջադեպը հետաքննության արդյունքում ամբողջությամբ հերքվել է ՀՀ դատախազության կողմից:
Լրատվամիջոցին վերստին հորդորում ենք՝ զերծ մնալ ստահոդ և չճշտված տեղեկություններ հրապարակելու ճանապարհով հանրության շրջանում ՊԵԿ գործունեության նկատմամբ անվստահություն սերմանելու գործելաոճից, և «կոռուպցիոն բացահայտումները» կատարել միայն հավաստի տվյալների հիման վրա: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
