Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչը նշանավորվում է երկկողմ բարձրաստիճան ակտիվ փոխայցելություններով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք նպաստում են կառավարությունների և այլ մարմինների միջև սերտ փոխգործակցությանը, կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը: Վարչապետը հավելել է, որ կառավարության նպատակն է պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ համատեքստում կարևորել ՌԴ փորձը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի ու ՌԴ Հաշվիչ պալատի փոխգործակցությունը:
- Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
- Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, որոնք կարևոր են գործունեության մեջ նոր մոտեցումներ կիրրառելու առումով: ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը ևս կարևորել է համագործակցության ընդլայնումը և անդրադարձել իր ղեկավարած կառույցի գործունեությանն ու արդյունքներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի շուրջ:
Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի ընթացքում շարունակվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: